Հնդկաստանում այսօր նշում են Մահաթմա Գանդիի (Մոհանդաս Կարամչանդ Գանդիի, 1869-1948) ծննդյան 144-ամյակը: Նրան հայրենակիցներն անվանել են Մահաթմա՝ «մեծ ոգի»: Այս տարի ազգային տոնը կավարտվի բավականին ինովացիոն կերպով: Իշխանությունները Մեծ Բրիտանիայի տիրապետությունից ազատվելու համար մարտնչողի կյանքին նվիրված համաժողով կկազմակերպեն Twitter միկրոբլոգների ցանցում:
Համաժողովը կբացի և կվարի Ինովացիաների հարցերով ազգային խորհրդի ղեկավար Սեմ Փիթրոդան: Համաժողովին միանալ հնարավոր կլինի տեղի ժամանակով ժամը 19.00-20.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 17.30-18.30-ին): Իրադարձության ձևաչափը լիովին չի բացահայտվում՝ պահպանելու համար ինտրիգը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գանդիի ծննդյան օրվան նվիրված տոնակատարությունները երկրում արդեն սկսվել են: Ավանդույթի համաձայն՝ վարչապետ Մանմոհան Սինգհը և այլ պաշտոնատար անձինք ծաղիկներ են դրել հուշարձանին, որը տեղադրված է նրա աճյունասափորի վրա:








































