Ոստիկանները բռնել են գողին տեխնոլոգիապես հզոր թակարդի շնորհիվ: Նոր միջոցը ոչ միայն մատնանշել է հանցագործին, այլև ներկայացրել է նրա մեղքի ապացույցները:
28-ամյա Յաֆեթ Ասկալը Լոնդոնի Բրենթ թաղամասում ավտոմեքենա է կողոպտել՝ այնտեղից գողանալով նոթբուքը: Սակայն հանցագործը չէր հասցրել իրացնել գողոնը, երբ ձերբակալվել է ոստիկանների կողմից:
Daily Mail-ը գրում է, որ նման արագ ձերբակալությունը հնարավոր է դարձել միայն նոր հնարավորություններով «օժտված» SmartWater թակարդի շնորհիվ:
Բանն այն է, որ այս դեպքում հատուկ հեղուկ է կիրառվում, որը կարելի է տեսնել միայն ուլտրամանուշակագույն սքանավորման դեպքում:
Սարքավորումն արձագանքում է կոտրվածքներին և ավտոմատ կերպով «ցանում» հեղուկը, որն աննկատ պատում է չարագործի մարմինը և դեմքը:
Ուլտրամանուշակագույն սքանավորման ժամանակ ոստիկանները գողի դեմքին և հագուստին անմիջապես նկատել են հեղուկի կանաչ հետքերը:








































