Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սեպտեմբերի 28-ին սպանված գործարարի վրա կրակել են Հայաստանի երկու քաղաքացիներ՝ պարտքերը չվճարելու պատճառով: Այս մասին հաղորդում է Vedti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ի մայրաքաղաքային վարչության ներկայացուցիչներին:
Նրանց տվյալներով՝ հանցագործությունն իրականացրել են 1962 և 1972 թվականներին ծնված Հայաստանի երկու քաղաքացիներ: Նրանք գումար են հատկացրել գործարարին՝ բիզնեսի զարգացման համար, սակայն վերջինս ուշացրել է պարտքի վճարումը, այդ պատճառով նրանք որոշել են վրեժ լուծել:
«Նրանք հարազատներ են՝ հորեղբայր և զարմիկ: Նրանցից մեկը 51 տարեկան է, մյուսը՝ 41: Նրանք հայեր են, սակայն տարիքով ավագը ծնունդով Կրանսոյարսկի երկրամասից է. հենց նա է կրակել: Նրանք խոստովանել են, որ ընդհանուր բիզնես են վարել մահացածի հետ ու միասին զբաղվել են եգիպտացորենի առևտրով: Նրանք նաև գյուղատնտեսության ոլորտում զբաղվել են շինարարությամբ»,- ասել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Հարձակումից անմիջապես հետո հայ տղամարդիկ մեկնել են Խարկով, որից հետո կրտսերը վերադարձել է Կիև, իսկ երկրորդ տղամարդը մեկնել է Ռուսաստան: Վերջինս ատրճանակը նետել է Կիևից 150 կմ հեռավորության վրա: Այժմ ոստիկանները որոնում են նրան:








































