Հայաստանում առողջ, հզոր ընդդիմություն ունենք: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունը պատգամավոր ընտրված անձից մեծ սպասելիքներ ունի, այդ թվում՝ նյութական: «Նյութական ասելով՝ նկատի ունեմ ասֆալտապատում, բարեգործություն և այլն»,- պարզաբանեց Ալեքսանյանը:
Հակադարձելով ասուլիսի մյուս բանախոս, ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությանը, թե ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանը թիմ չունի, ՀՀԿ խորհրդի անդամը նշեց, որ վերջինս ոչ թե թիմ, այլ մի ամբողջ կուսակցություն ունի: «Սերժ Սարգսյանը մի շատ լավ հատկանիշ ունի. նա կարողանում է բոլորին ուշադիր լսել»:
Անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Լեռնիկ Ալեքսանյանը շեշտեց, որ անկախ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության փաստից՝ ԵՄ-ի հետ շփումները շարունակական բնույթ են կրելու: «Ձգտելու ենք եվրոպական արժեհամակարգի, և այդ գործընթացը շարունակական է լինելու»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ ՄՄ-ին Հայաստանի անդամության որոշման մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:











































