Այսօր աշխարհում մեկնարկել է ավանդական ամենամյա վիճակախաղը, որով կարելի է շահել ԱՄՆ-ում կեցության իրավունք՝ Green Card էմիգրացիոն այցագիր: Հայտերի ընդունումը Պետդեպի կայքում կշարունակվի մինչև նոյեմբերի 2-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել է Պետդեպի՝ այցագրային վարչության ղեկավար Շոն Կուպերը, վիճակախաղի մասնակիցները պետք է զգուշանան խարդախներից, ովքեր առաջարկում են բարձրացնել շահելու շանսերը:
Diversity Visa ծրագիրն անցկացվում է 1990 թվականից և ամեն տարի տրամադրվում է 55 հազար ներգաղթյալի: Վիճակախաղին մասնակցել չեն կարող այն երկրներից, որտեղից մեկ տարում ավելի քան 50 հազար մարդ է գաղթել ԱՄՆ: Այս տարի դրանք են՝ Բանգլադեշը, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Հայիթին. Դոմինիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Նիգերիան, Պակիստանը, Սալվադորը, Ֆիլիպինները, Էկվադորը և Ճամայկան:










































