Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է մասնավոր ներդրումների հիմնադրամ ստեղծելու մասին, որի կապիտալը կազմում է 6 միլիարդ դոլար, հաղորդում է Civil Georgia-ն:
«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ այդ միջոցներից մեկ միլիարդ դոլարը ներդրել է Իվանիշվիլին, որի կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, 2013թ. կազմել է 5.3 միլիարդ դոլար:
Հիմնադրամում ներդրումներ են կատարել վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ժառանգները, ղազախ գործարար Ալեքսանդր Մաշկևիչը, Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամը, Milestone International Holdings Group Limited-ը և այլ ընկերություններ:
Հիմնադրամի միջոցով նախատեսվում է իրականացնել ներդրումներ էներգետիկայի, արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտների նախագծերում: Առաջնային կլինի էներգետիկան, այս ոլորտի նախագծերին կփոխանցվի հավաքված միջոցների գրեթե կեսը:










































