Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկային նիստի ժամանակ ՀՀ զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած հունիսմեկյան դեպքերի առանձին մանրամասներով, որոնց բավարար ուշադրություն չի դարձվել: Փաշինյանը հարցրեց՝ ինչո՞ւ կարևորություն չի տրվում հայտնի դեպքերի տեսագրության 23:08:04 րոպեին, երբ դեպի խումբը շարժվող Ավետիք Բուդաղյանի թիկունքից ինչ-որ մեկը կանչում է՝ Ավետ, ի պատասխան՝ Բուդաղյանը շրջվում է, որին հաջորդում է կրակոց: ՀԱԿ պատգամավորին հետաքրքրում է՝ ո՞վ է կանչի հեղինակը:
«Մենք ոչ միայն հիմնավորել ենք գործողության հաջորդականությունները և գնահատականները, այլև կարողացել ենք հերքել պաշտպանության կողմի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկ: Մանրամասն անդրադարձել ենք գործի բոլոր հանգամանքներին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց ձեռքի տակ են դեպքի վայրից հայտնաբերված պարկուճներ, գնդակներ, զենքեր, ինչպես նաև դատաբժշկական, դատազենքաբանական փորձաքննության արդյունքները:
Կոստանյանի խոսքով՝ տարբեր խմբերի կամ անհատների կողմից կարծիքներ են հնչել՝ ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը, երբ Սուրիկ Խաչատրյանին է վերաբերում, սակայն անկախ նրանից, թե հասարակության որոշակի հատված ինչ վերաբերմունք կամ ընկալում ունի տվյալ անձի կամ երևույթի նկատմամբ, դա չի կարող ազդեցություն ունենալ քրգործի վրա:
«Անընդունելի կլիներ ինձ համար կայացնել որոշում՝ հիմնվելով հասարակության համակրանքի կամ հակակրանքի վրա: Որոշումն օրինական է: Եթե ձեզ անհանգստացնում է՝ ով է կանչել Ավետիք, դա ճիշտ չի լինի կապել վերջին կրակոցի հետ, համենայնդեպս՝ այն կրակոցի, որ մահացու է եղել»,- ասաց Կոստանյանը՝ խորհուրդ տալով վերջին հասցված վնասվածքը տարբերել վերջին կրակոցից, քանի որ վերջին վնասվածքից հետո ևս մեկ կրակոց է հնչել՝ վերջինը:
Զինդատախազի խոսքով՝ էական չէ, թե ով է կանչել, ով չի կանչել, պետք է խոսել իրավական գնահատականի մասին: «Մենք ունենք՝ ովքեր են եղել, ովքեր են կրակել, քանի զենք է կրակել, ովքեր են տուժել, ովքեր են պատասխանատվության ենթարկվել, իսկ թե ով է կանչել, ով՝ չէ, դա հարցի ութերորդ կողմն է, որը բացարձակապես կարևոր չէ»,- ասաց նա:
Կոստանյանը տեղեկացրեց, որ իրականացվել է դեպքի վայրի կրկնակի փորձաքննություն՝ պաշտպան Հայկ Ալումյանի և փորձագետների մասնակցությամբ: Այնտեղ ֆիքսվել է այդ վնասվածքը, բայց ասել, որ դա հենց կրակոցի հետևանքով է, փորձագետն ի վիճակի չի եղել:
Զինդատախազը պատրաստակամություն հայտնեց ցանկացած ժամանակ ընդունել Փաշինյանին, նրա հետ քննարկել գործի հետ կապված ցանկացած հանգամանք:









































