Բրիջիտ Ջոնսի մասին նոր գրքում գրող Հելեն Ֆիլդինգը իր հերոսուհուն, ով դաստիարակում է 2 երեխայի, այրիացրել է: The Sunday Times թերթում հրապարակվել է մի հատված նոր գրքից:
Հրապարակված հատվածից հայտնի է դառնում, որ Բրիջիտը 51 տարեկան է՝ չնայած նոր ծանոթության ժամանակ ներկայանում է որպես 35 տարեկան: Նրա ամուսնու՝ փաստաբան Մարկ Դարսիի մահից անցել է 5 տարի: Հայտնի է նաև, որ գլխավոր հերոսուհին սիրավեպ է սկսում 30-ամյա տղամարդու հետ, որի հետ ծանոթացել է Twitter-ում:
Բրիջիտ Ջոնսի պատմության «Խելագարվում է տղայի համար» (Mad About the Boy) անվանումը կրող երրորդ մասը լույս կտեսնի Մեծ Բրիտանիայում՝ 2013թ. հոկտեմբերի 10-ին:
Գիրքը, ինչպես և նախորդները, լույս կտեսնի օրագրի ժանրով:
Լոնդոնցի լրագրողի մասին առաջին վեպը՝ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», լույս է տեսել 1996թ., երկրորդը՝ 3 տարի անց: Երկու գրքերն էլ վաճառվել էին 15 մլն օրինակով՝ դառնալով բեսթսելլեր:












































