Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ սկսվում է Եղիշե Թորոսյանի գործի դատավարությունը:
57-ամյա Եղիշե Թորոսյանը շուրջ 12 տարի արտամուսնական հարաբերությունների մեջ է եղել Հ. Եղիազարյանի հետ:
Վերջին մեկ տարվա ընթացքում նրանց հարաբերությունները վատացել են:
2013 թվականի ապրիլի 16-ին Թորոսյանը Եղիազարյանի հետ հանդիպելու նպատակով մի քանի անգամ զանգահարել է, բայց չի կարողացել կապ հաստատել:
Նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Թորոսյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Եղիազարյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, վերջինիս կյանքից զրկելու նպատակով վերցրել է 2 մարտական նռնակներ, գնացել կնոջ բնակարան ու թակել է դուռը: Բացել է կնոջ եղբայրը: Նա Թորոսյանին թույլ չի տվել ներս մտնել:
Վիճաբանություն է սկսվել: Թորոսյանը մարտական նռնակներից մեկը նետել է մտերմուհու տան հյուրասենյակի հատակին:
Նռնակի պայթյունից առաջացած բեկորներից ինքը՝ Թորոսյանը, ստացել է միջին ծանրության, իսկ քույր և եղբայր Եղիազարյանները՝ թեթև մարմնական վնասվածքներ:
Եղիշե Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով:
Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:








































