Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ավարտել է իր այցը Միացյալ Նահանգներ, հայտնում է Գրուզիա օնլայնը:
Վերջին հանդիպումը նա անցկացրել է Վաշինգտոնի Four season հյուրանոցում: Հանդիպումն անցկացվել էր ի պատիվ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Բյուրգենտալի:
Վրաստանի նախագահն իր ելույթում խոսել է բարեփոխումների մասին, որոնք անցկացվել են նախագահության իր տարիներին ու հայտարարել, որ այդ ժամանակ իր երկիրը եղել է թիվ մեկ բարեփոխիչ երկիրը:
«Երբ ես եկա Վրաստան, այն չկայացած երկիր էր: Պետություն, որտեղ չկար էլեկտրաէներգիա ու թագավորում էր կրիմինալը: Երկիրը ղեկավարում էին կլեպտոկրատները: Իմ նախագահության ժամանակ Վրաստանը դարձավ թիվ մեկ բարեփոխիչ երկիրը: Մենք մտանք Համաշխարհային բանկի տասնյակի մեջ՝ որպես աշխարհի լավագույն երկրներից մեկը բիզնեսի վարման ոլորտում: Համաշխարհային բանկի տվյալով՝ մեզ մոտ ամենաարագ մաքսային գործընթացներն են: Վրաստանը աշխարհի ամենակրիմինալ երկրներից էր: Հիմա հանցավորության մակարդակը եվրոպական պետությունների շրջանում ամենացածրերից է ու ամենաչկոռումպացվածներից մեկը»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին:











































