Հայաստանում ավելանում է և՛ կոնյակի, և՛ գինու արտադրությունը, բայց վերջինը առաջ է ընկնում աճի տեմպերով: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալով այս տարվա առաջին յոթ ամսում մեր երկրում արտադրվել է 30%-ով ավելի շատ գինի, քան անցած տարվա նույն ժամանակում: Այդ ընթացքում շամպայն-գինիների արտադրությունն աճել է 2,7 անգամ:
Ինչ վերաբերում է կոնյակի արտադրությանը, ապա այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 9578.6 հազար լիտր կոնյակ, ինչն անցած տարվա նույն ժամանակի ցուցանիշը գերազանցում է 3.6%-ով: Ի դեպ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նախաճգնաժամային մակարդակը գերազանցել են միայն 2012թ.-ին, չնայած նրան, որ արտադրության ծավալները մեր երկրում անընդհատ աճում էին:









































