Հայաստանի քաղաքական տարբեր ուժեր, տարբեր ժամանակահատվածներում, անում են միևնույն կանխատեսումը՝ այսքան ամսից կամ մինչև այսինչ ամիսը Ղարաբաղի հարցում տեղի է ունենալու լուրջ հանգուցալուծում։ Հայաստանի քաղաքական դաշտում երևի թե չկա քիչ թե շատ նշանակալից մի ուժ, որն այդօրինակ «կանխատեսում» արած չլինի: Արդյո՞ք դրանք ունենում են միևնույն նպատակը, թե՞ ինչպես կանխատեսումների ժամանակահատվածներն ու ժամկետներն են տարբեր, այդպես էլ տարբեր են «կանխատեսողների» նպատակները: Ո՞րն է այդ ամենի նպատակը: Հայտարարված նպատակն, իհարկե, հայրենիքի, պետության հանդեպ մտահոգությունն է: Իսկ կա՞, արդյոք, դրանից բացի մեկ այլ նպատակ:
Օրինակ՝ կարո՞ղ է, արդյոք, լինել այնպես, որ մարդիկ ժամանակ առ ժամանակ պարզապես չգիտեն ինչ ասել, բայց քանի որ զգում են, որ շտապ պետք է մի բան ասել, ամենահարմարը գտնում են Ղարաբաղի հարցում լուրջ հանգուցալուծում կանխատեսելը կամ լուրջ բեկում ու մարտահրավեր հայտնաբերելը: Չէ՞ որ Ղարաբաղի հարցը այդ առումով շատ հարմար է, քանի որ այդտեղ շատ բան փակ է հասարակության աչքից, իսկ այնտեղ, որտեղ փակ իրողությունները շատ են կամ շատ են փակ իրողությունների առկայության մասին հանրային ընկալումները, «կանխատեսումների» խոպան դաշտ է, որովհետև փակ իրողությունները նվազեցնում են կանխատեսումների համար հրապարակային պատասխանատվության շեմը: Միգուցե դրա համար էլ Հայաստանի քաղաքական ուժերը պարբերաբար օգտվում են դրանից: Իսկ օգտվո՞ւմ է, արդյոք, դրանից հասարակությունը, պետությունը, Ղարաբաղն՝ ի վերջո:
Թվում է, թե օգուտը պետք է այն լինի, որ հասարակությունն այդ ահազանգերից պետք է սթափվի, պետությունը պետք է ուշքի գա, և պետք է ձեռնարկվեն սպասվելիք աղետը կանխելու գործնական քայլեր: Բայց կարծես թե իրավիճակն ավելի շատ հակառակն է հիշեցնում, ինչպես հայտնի անեկդոտը, երբ ստախոսը այնքան է համագյուղացիների վրա զվարճանում գայլի հարձակման կեղծ ահազանգերով, որ երբ գայլն իրականում հարձակվում է, համագյուղացիները դա լուրջ չեն ընդունում: Հայաստանում այնքան են կանխատեսել Ղարաբաղի հարցի շուրջ հանգուցային և բեկումնային զարգացումներ, հատկապես վերջին երկու տարում, որ հասարակությունը դրանք արդեն լուրջ էլ չի ընդունում: Ու ինչպես միշտ, այս անգամ էլ, թերևս, հասարակությունը ճիշտ է: Ի վերջո, ո՞րը պետք է լինի ելակետը: Ելակետը երևի թե պետք է լինի մարտահրավերներին դիմագրավելու քայլերի ամբողջական, համալիր պատկերացումը: Իսկ որո՞նք են այն քայլերը, որոնք պետք է օգնեն դիմագրավել բեկումներն ու ճեղքումները: Դրանք Հայաստանի ներքին կյանքի բարելավմանն ուղղված քայլերն են՝ արդարացի և արդյունավետ կառավարում, օրենքի գերիշխանություն, անկախ դատական համակարգ, իրավահավասարություն, քաղաքական և տնտեսական մրցակցություն, քաղաքացիական ազատություններ: Եթե չկան դրանք, Հայաստանում չկա նաև ընդհանուր շահի գիտակցում:
Խնդիրն այն է, որ անվտանգությունը, որը ևս ունի համախմբման, ընդհանուր շահի գիտակցման կամ գոնե ենթագիտակցման հանգեցնելու ներուժ, արդեն վաղուց դադարել է Հայաստանում լինել այդպիսին, քանի որ ահռելի է դարձել հասարակության բևեռացվածությունը: Հասարակության մեջ արդեն բավական լրջորեն արմատավորվել է այն գիտակցումը, որ Հայաստանում կան խավեր, որոնց անվտանգությունը այլևս հակադիր է իրենց անվտանգությանը: Այսինքն՝ տարիներ շարունակ իրական հանրային շահը խեղաթյուրելու, քաղաքացիական գործոնն անտեսելու, դրա վրա բռնանալու, հասարակության կամքին հակառակ իշխանություն ձևավորելու ավանդույթի հետևանքով հասարակության և այսպես կոչված «վերնախավի» միջև առաջացել է այնպիսի մի անջրպետ, ի հայտ է եկել շահերի մի այնպիսի բախում, որ նրանք իրենց անվտանգության երաշխիքների որոնումներում հայտնվել են ծայրահեղ հակադիր բևեռներում:
Կարելի է, իհարկե, չնկատելու տալ, սակայն գրեթե աներկբա է, որ քաղաքացիական հասարակության գոյության մեջ իշխանությունն է սկսել ենթագիտակցորեն տեսնել իր անվտանգությանն ուղղված սպառնալիք, և հակառակը՝ ներկայիս որակի իշխանության գոյության մեջ հասարակությունն էլ սկսել է նման սպառնալիք տեսնել: Անվտանգության հետ կապված մնացյալ ամեն ինչ տեղավորվել է հենց այդ շրջանակում, հենց այդ ընկալումների սահմանում: Հանրության մեջ արմատավորվել է գիտակցումը, որ իրականում համընդհանուր անվտանգություն գոյություն չունի, և եթե հայտարարվում է, որ կատարվում են դրան ուղղված քայլեր, ապա իրականում այդ քայլերն անող իշխանությունը նորից մտածում է զուտ սեփական անվտանգության մասին:
Ահա այդ պայմաններում ուղղակիորեն անհասկանալի և անիմաստ են դառնում Ղարաբաղի հարցի մոտալուտ հանգուցալուծման մասին նույնիսկ անկեղծ ահազանգերը, որոնք կարող են բացարձակապես զերծ լինել քաղաքական խմբակային կամ անձնական հաշվարկներից: Միևնույն է, նույնիսկ այդ դեպքում դրանք չեն կարող ներգործուն ազդեցություն ունենալ հասարակության վրա, որովհետև Հայաստանի իշխանական և քաղաքական վերնախավերի տարիների հետևողական ջանքերի շնորհիվ Հայաստանը՝ ի դեմս Ղարաբաղի խնդրի տեսնում է բեռ, ծանրություն, խոչընդոտ, պատճառաբանություն և արդարացում, որ իշխանության կամ քաղաքական մյուս ուժերի կողմից պարբերաբար բերվում է իր չլուծված խնդիրների մասին հարցադրումներին ի պատասխան:
Ու այդ պարագայում արդեն ավելորդ են դառնում նույնիսկ իրավիճակի աշխարհաքաղաքական վերլուծության փորձերը, որ դրանցով Հայաստանի քաղաքական ուժերին համոզվի, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Ղարաբաղի հարցի մոտալուտ հանգուցալուծման մասին ահազանգերը, կեղծ թե անկեղծ մղումով, ընդամենը «ավետիս» են իշխանության համար, քանի որ հանգուցալուծման կամ լուրջ բեկման աշխարհաքաղաքական նախադրյալներ չկան, ու բոլոր «կանխատեսումներն» ընդամենը ժամանակի մեջ գցում են «կանխատեսողի» վարկն ու լրջության աստիճանը և հերոսացնում իշխանությանը:
Խնդիրը կայանում է նրանում, որ որ Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքերի ամրացման, Հայաստանի համար որևէ վտանգավոր զարգացում չեզոքացնելու համար կենսունակ քայլերի համալիրը, որն, ինչպես նշեցի, ներքին կյանքի համակարգային բարեփոխումն է, Հայաստանի համար կենսական է առանց Ղարաբաղի հարցի էլ: Այսինքն՝ այդ քայլերը եթե մենք չանենք, ապա դա մեզ համար կործանարար է բոլոր դեպքերում էլ՝ լինի Ղարաբաղի հարց, թե չլինի Ղարաբաղի հարց: Եվ թվում է, որ հասարակությունը կարծես թե այդ պարզ իրողությունը քաղաքական ուժերից ավելի լավ է հասկացել: Ու դրա համար էլ Ղարաբաղի «խայծը»՝ թե՛ իշխանության, թե՛ մյուս քաղաքական ուժերի մատուցմամբ, հասարակությունը չի ընդունում: Մարդիկ, քաղաքացին հստակ պատկերացնում են, որ երևի թե երեկ էր Ղարաբաղի հարց, այսօր արդեն Ղարաբաղի հարց չէ, այսօր արդեն սեղանին դրված է Հայաստանի հարցը: Հետևաբար, քաղաքական ուժերը պետք է խոսեն միմիայն Հայաստանի հարցից, և եթե կատարվեն Հայաստանի հարցը լուծելու կենսական քայլերը, ապա քաղաքական ուժերն իրենք էլ չեն նկատի, թե ինչպես է լուծվել նաև Ղարաբաղի հարցը:









































