Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի հայրը` Հովսեփ Խաչատրյանը, հույս չունի, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելով՝ մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, մարտի 1-ը չի բացահայտվի: Ով էլ լինի գլխավոր դատախազի պաշտոնում, մեկ է՝ Սերժ Սարգսյանի մարդն է լինելու»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Կոստանյանի թեկնածությանը ավելի շատ դրական, քան բացասական արտահայտվելու փաստին, Խաչատրյանը պատասխանեց, որ միանշանակ ոչինչ ասել չի կարող: «Թե ՀԱԿ ներկայացուցիչների և Գևորգ Կոստանյանի միջև ինչ հարցուպատասխան է գնացել, չգիտեմ: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Կոստանյանն ինչքան էլ վատը լինի, Աղվան Հովսեփյանից վատը չի լինի: Եթե Աղվան Հովսեփյանը գոնե մի քիչ մարդասեր ու հայրենասեր լիներ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ «Չերյոմուխայից» երեք զոհվածների գործը կբացահայտեր: Գոնե մեկ հոգու գործը կբացահայտեր»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ը, գուցե, Գևորգ Կոստանյանի նշանակման հետ մարտի 1-ի դեպքերի բացահայտման հույսեր է փայփայում:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: ԱԺ-ն առաջիկա քառօրյայում կքննարկի և փակ-գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի այդ հարցով:
Հիշեցնենք նաև, որ գլխավոր դատախազը ընտրվում է վեց տարի ժամկետով՝ նախագահի ներկայացմամբ և խորհրդարանի կողմից:











































