Այսօր Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացմանը ներկա էր նաև գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ով իր ելույթում նշեց, որ մարդասպանը Գուրգենին չի սպանել, նա սպանել է հային, քրիստոնյային:
«Վախկոտը՝ կացինը ձեռքին, իմացել է, որ միայն այդպես կարող է պայքարել հայ սպայի հետ, և չի վախեցել պատժից: Հարցն այն է, որ այդ մարդասպանը գիտակցել է, որ իրեն տեր են կանգնելու Թուրքիայում, Ադրբեջանում, այն գլխից իմացել է, որ իրեն ազատելու են, և հերոս է լինելու, երբ վերադառնա Բաքու…այդպես էլ եղավ»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսօր, երբ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, անընդհատ ասում են, որ ժամանակն է նստել սեղանի շուրջ և վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը կոմպրոմիսներով, անհասկանալի բան է տվյալ դեպքում, երբ Գուրգենի մարդասպանը ազատության մեջ է, երբ Բաքվում Ադրբեջանի նախագահը պարզ ասել է համանախագահներին, որ նա երաշխիք է կանգնում ղարաբաղցիների առջև և հնարավորություն է տալու նրանց լինել ազատության և ինքնավարության մեջ:
«Պատկերացրեք, եթե մենք փորձենք հավատալ այսպիսի սարսափելի խոսքերին»,- ասաց Զորի Բալայանը:
Նա նշեց, որ Գուրգեն Մարգարյանի հետ կատարվածը իսկական ցեղասպանություն է, և թվաբանությունը նշանակություն չունի, մարդուն սպանել են, որովհետև նա հայ է, որովհետև քրիստոնյա է:











































