Նոտարների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Այն ինչ, որ ես եմ արել նոտարների դեմ, ոչ ոք չի արել ինձնից առաջ։ Ձեր դեպքը եղել է տարիներ առաջ, Հրայր Թովմասյանից ի՞նչ եք ուզում»։
Հիշեցնեք, որ նոտարի դեմ բողոքող մարդիկ 2007 թ. գնել են բնակարան, սակայն խաբեության կամ սխալի պատճառով մնացել են անտուն։ «Նույն բնակարանը, որ վաճառել են մեզ գնել են ևս 4 հոգի։ Գործարքի մեջ կային բազմաթիվ բացթողումներ, որոնք նոտարը պարտավոր էր նկատել։ Մենք բողոքում ենք, որ վարչությունը նոտարին չի ուզում գործի մեջ մտցնել որպես մեղադրյալ։
«Պաշտպանում են նոտարին»,- մեզ հետ զրույցում ասում է այս ամենի արդյունքում անտուն մնացած մարդկանցից մեկը՝ Նարին Սագեյանը։ Բողոքողներին Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ իրենց գործի վաղեմության ժամկետն անցել է։ Սագեյանը իր հետ տուժած մի քանի կանանց հետ մտադիր է հացադուլ անել՝ մինչև հարցը չլուծվի։
Այսօր այս խնդրից զատ, բողոքի այլ ակցիաներ ևս անցկացվել են Կառավարության շենքի մոտ, դրանցից էին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչները, ովքեր տուժել են քաղաքի հիվանդանոցի բուժաշխատողների ոչ պրոֆեսիոնալ գործողություններից։ Ըստ բողոքողների՝ հիվանդանոցում բժշկական սխալ միջամտության պատճառով պարբերաբար տեղի են ունենում մահվան դեպքեր։ «Միջնորդագիր կա մարզպետին և Քուշքյանին, որ այդ մարդիկ՝ մասնավորպես գլխավոր բժիշկը, իրավունք չունի աշխատելու»,- ասում է Բերդի բնակիչ Ալվարդ Մարգարյանը, ում որդին մահացել է հիվանդանոցում՝ բժիշկների թույլ տված սխալների պատճառով։ Ըստ Մարգարյանի՝ գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանին ոչ միայն չեն ազատել աշխատանքից, այլև նրան են հանձնել նաև պոլիկլինիկայի ղեկավարությունը։
Բերդ քաղաքից Երևան է եկել նաև Սվետլանա Աթոյանը, ում դուստրը՝ Կարինե Աթոյանը, մահացել է ծննդաբերության ժամանակ։ Այս գործով մեղադրված 7 անձից ազատազրկան են ենթարկվել միայն 2-ը՝ դատապարտվելով յուրաքանչյուրը 5 տարի ազատազրկման։ Սակայն օրերս տեղի ունեցած համաներման արդյուքնում նրանք երկուսն էլ ազատ են արձակվել։ «Եթե պետությունը ներում է նրանց, ես չեմ ներում։ Ասում են՝ նրանք վճարել են դրամական փոխհատուցում, սակայն դա սուտ է։ Նրանք դա չեն արել»,- ասում է Սվետլանա Աթոյանը։
Այս երկու բողոքի ակցիաներից զատ, Կառավարության շենքի մոտ շարունակում են իրենց խնդիրները բարձրաձայնել Կենտրոնի բնակիչները, որոնք դեռ փոխհատուցում չեն ստացել իրենց տների առգրավման դիմաց։ Բողոքի ակցիա են կազմակերպել նաև մի խումբ թոշակառու օդաչուներ, որոնք հաշմանդամ են դարձել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում և պետության կողմից որևէ փոխհատուցում չեն ստացել։






































