Նախօրեին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրեաս Ղուկասյանի դատական նիստը: Դատական նիստին մասնակցում էին Ղուկասյանի կինն ու դուստրը: «Սասնա ծռերից», Անդրեաս Ղուկասյանի աջակիցներից բացի, դատարանի դահլիճում ոչ ոք չկար և ոչ էլ դատարանի դահլիճից դուրս որևէ կերպով աջակցում էին Ղուկասյանին:
«Առաջին լրատվական»-ը փորձեց Ղուկասյանի համակիրներից հասկանալ, թե ինչու որևէ կերպ չեն աջակցում իրենց ընկերոջը: Դավիթ Սանասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը քաղաքում չի եղել և չի իմացել դատավարության մասին, հակառակ դեպքում անպայման կմասնակցեր, քանի որ կարևորում է աջակցությունը: «Այդ աջակցությամբ դատարանները, իշխանությունները պետք է հասկանան, որ քաղաքացու շունչն իրենց հետևում է և չթվա, որ հիմա իրենց կարճաժամկետ քայլերը եթե այսօր մարսում են՝ վաղը չեն մարսելու: Քաղաքացիներն իրենց ակտիվությամբ միշտ պետք է դա հիշեցնեն, ընդգծեն, որ մարդը դատապարտվում է իր քաղաքական հայացքների համար: Իսկ որ Անդրեաս Ղուկասյանը դատապարտվում է իր քաղաքական հայացքների համար, դա ակնհայտ է: Իսկ քաղաքացիների համար օդի պես անհրաժեշտ է իշխանություններին դա հիշեցնելը»,- ասաց Սանասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե առկա պասիվությունը ինչով է պայմանավորված, Սանասարյանի խոսքերով՝ պատճառները տարբեր են: «Պատճառները տարբեր են՝ շոգ է, ամառ է, մարդկանց անտարբերությունը զրոյի է հասնում, բայց ամեն դեպքում իշանությունները թող դրանից չոգևորվեն, դրանից իրենք անպատժելի չեն դառնում: Իրենք կարճաժամկետ են անպատժելի, իսկ երկարաժամկետ իրենք իրենց պատիժը ստանալու են»,-ընդգծեց Սանասարյանը:
Մեր զրուցակիցը համակարծիք չի քաղաքագետների դիտարկումների հետ, թե այլևս երբեք Հայաստանում մարդկանց ակտիվացում չի լինի և մարդիկ փողոց դուրս չեն գա, եթե ֆորս-մաժոր չլինի: «Այդ քաղաքագետները քաղաքագիտական համապատասխան գիտելիքներ չունեն և ոչ էլ տեղյակ են բնության օրենքներից: Այդ քաղաքագետները, եթե այդպես են կարծում, պետք է ստորագրեն Հայաստանի կապիտուլյացիայի տակ: Ես այդպես չեմ կարծում»,-ասաց Սանասարյանը:
Շարժման մասնակից, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը ցավում է, որ Անդրեաս Ղուկասյանը դատարանում մենակ է մնացել, բայց դա օրինաչափ է համարում: «Դա ընդհանուր տրամաբանության մեջ է: Դեռ շատ առաջ, երբ շարժման մասնակիցները դատարանում մենակ էին մնում, պատճառն այն է, որ նրա համակիրներն առանձնապես արդարադատության ակնկալիք չեն ունեցել: Պայքարն ինչ-որ մի փուլից վերածվում է անձնական, ընտանեկան խնդրի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանը՝ օրինաչա՞փ է դա, քանի որ պայքարը անձնական-ընտանեկան չէր: «Այո, պայքարն անձնական-ընտանեկան չէր, բայց երբ պայքարը չի պսակվում հաջողությամբ, դատական դահլիճը դառնում է ընտանեկան: Եվ դա օրինաչափ է: Դրա համար հիմա որևէ մեկին մեղադրել, կամ ակնկալիք ունենալ պետք չէ: Կարծեք թե իրերի տրամաբանական շղթան խզված է: Նույնիսկ երբ մարդը գնում է ինքնազոհողության, շատերը կողքին են լինում, ոգևորում եմ, մասնակցում են շարժմանը, բայց հետո այդ մարդը մենակ է մնում: Իմ քաղաքական կարիերայի 20-25 տարին է դա հուշում: Եվ յուրաքանչյուր պայքարող պետք է իր աչքի տակ դա ունենա»,- նկատեց Բաղդասարայնը:
Հարցին, թե այս անտարբերությունն արդյո՞ք ավելի չի ազատում իշխանության, դատարանի ձեռքերը դատավարությունը տանել այն ուղղությամբ, որով ցանկանում են և ստվերել փաստը, որ անձը դատապարտվում է քաղաքական հայացքների համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կա այդպիսի բան: Բայց ինչպես արդեն նշեցի, խնդիրը տրամաբանական շղթայի մեջ է: Եթե դու շարժումը չես տանում այն ուղղով, որ քո ձերբակալությունից հետո շարժումը շարունակվի, շարունակություն ունենա, ապա պետք է սպասել, որ դատարանում մենակ ես մնալու: Հենց շարժման շարունակականությունն է երաշխիքը, որ դատարանում մենակ չես մնա, քեզ քաղբանտարկյալ կճանաչեն և հաշվի կնստեն դրա հետ»,-եզրափակեց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով): Նա ձերբակալվեց Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո: Ղուկասյանը կալանավորվել է օգոստոսի 2-ին:







































