Չինաստանը պատրաստ է միջոցներ տրամադրել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:
«Չինաստանը կտրականապես դեմ է քիմիական զենքի կիրառմանը և հույս ունի, որ շատ շուտ կընդունվի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը, որը կաջակցի քիմիական զենքի արգելման, ստուգման և ոչնչացման՝ կազմակերպության աշխատանքի սկիզբը: Մենք պատրաստ ենք ֆինանսական ներդրում կատարել»,- ասել է նա:
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Չինաստանի արտգործնախարարը հանդիպել են հինգշաբթի ՄԱԿ-ում: Ամփոփելով հանդիպումը՝ պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ երկու նախարարներն էլ անհրաժեշտ են համարում շուտափույթ ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտավորեցնող բանաձև:





































