Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվում, հաղորդել են, որ իրանցի ցանցահենների մի խումբ, որն աշխատում է կառավարության համար կամ աջակցում է նրան, կիբերհարձակում է իրականացրել ամերիկյան ռազմածովային նավատորմի ցանցի վրա: Այդ ցանցում գաղտնի տեղեկատվություն չի եղել, սակայն հարձակման փաստը խիստ անհանգստացրել է զինվորականներին:
Ինչպես հաղորդում է The Wall Streer Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, ցանցահենները որևէ կարևոր տեղեկատվություն չեն ստացել, սակայն կիբերհարձակման հզորությունը առաջացրել է Պենտագոնի մտավախությունը: ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելին, Շտաբների հրամանատարների կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսիին և Կոնգրեսին տեղեկացրել են կիբերհարձակման մասին:
Իրանի իշխանությունները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս կապակցությամբ:
Իրանական կիբերհարձակման նախորդ թիրախները եղել են ամերիկյան բանկերը և էներգետիկայի օբյեկտները:










































