Հայաստանում ավարտվել է Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որի արդյունքների վերաբերյալ տարածվել է ամփոփիչ հայտարարություն : Ինչպես հայտնի է, ժողովն անցկացվում էր մոտ վեցդարյա ընդմիջումից հետո, իսկ դրա օրակարգում էին Մկրտության միասնական ծեսի և սրբադասման՝ Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի կարգը դասելու հարցերը: Սակայն տարածված հայտարարության մեջ երևի թե ամենակարևորը վերաբերում է ոչ այս հարցերին:
Թող պայծառ լինի Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, սակայն կայացված որոշումների առումով առավել կարևոր է թվում այն, որը վերաբերում է ողջերին: Եպիսկոպոսաց ժողովը որոշել է ստեղծել հիմնադրամ, որը կաջակցի Հայաստանի, Արցախի և սիրիահայ կարիքավորներին: Ողջերին վերաբերող այս որոշումն առավել քան կարևոր է` նկատի ունենալով ոչ միայն կարիքավորների բազմությունն ու սոցիալական վիճակի ծանրությունը: Սա կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հեղինակության մասով, որը լրջորեն սասանվել է հանրային խնդիրներից կտրվածության, և այդ կտրվածության ֆոնին առանձին հոգևորականների շքեղ կյանքի արդյունքում:
Այս իրավիճակում, ՀԱԵ-ն` որպես կառույց, ըստ էության մատնվել էր անգործության կամ եթե որևէ գործ անում էր, ապա հիմնականում ձևական, անէական, ըստ էության ոչինչ չնշանակող, իսկ կարևոր հարցերում էլ ընդամենը հանդիսանում է իշխանությունների կցորդը: Հիմնադրամի ստեղծումը, իհարկե, այս պատկերը կփոխի մասամբ, որովհետև ամենագլխավոր հարցը, իհարկե, մնում է ՀԱԵ-ի իրավապես հանրօգուտ դիրքորոշումների մշակման և ձևակերպման, իշխանական համակարգի կցորդի կարգավիճակից դուրսբերման հարցը, ինչը միմիայն կարող է հարստացնել ու հզորացնել հայության ներուժը աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների պայմաններում:
Սակայն սոցիալական աջակցության հիմնադրամի ստեղծումը նշանակալիորեն մի քայլ է ՀԱԵ-ի հանրային, համահայկական դերի վերաիմաստավորման, նոր ժամանակների մեջ առավել ներդաշնակեցման: Եվ այս տեսանկյունից քայլը պետք է ողջունել, սակայն նախազգուշացնելով, որ սոցիալական աջակցության հիմնադրամը չվերածվի ընդամենը գերհարուստ, գերշքեղ, օլիգարխիայի հետ որոշ եկեղեցականների մերձեցման, այսպես ասած, լեգիտիմացման քայլի` այսպես ասած, հասարակության բերանը փակելու համար: Հակառակը, ՀԱԵ-ի բերանը չպետք է շարունակի փակ մնալ նման հոգևորականների հանդեպ, և սա նույնպես ժամանակի ու բարոյականության հրամայականն է:










































