ՄԱԿ ԱԽ-ն ուրբաթ օրը ընդունելով Սիրիայի հարցով բանաձևը՝ աջակցել է ժնևյան կոմյունիկեն, որը նախատեսում է Դամասկոսում ձևավորել անցումային կառավարություն՝ հակամարտող կողմերի երկկողմ համաձայնության հիման վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Բանաձևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միանշանակ աջակցել է ժնևյան կոմյունիկեն, որը կոչ է անում ապահովել Սիրիայում իշխանության փոխանցումը անցումային մարմնին: Դա հնարավոր է դարձնում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել Ասադի ռեժիմին, որը օգոստոսի 21-ին քիմիական զենք է օգտագործել ընդդեմ իր ժողովրդի: Բանաձևում դա հստակ նշվում է»,- ընդգծել է նա:
Ջոն Քերիի խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն, ընդունելով այս բանաձևը, ցույց տվեց ամենաբարդ խնդիրները լուծելու իր կարողությունը:
«ՄԱԿ-ը ցույց տվեց, որ դիվանագիտությունը բավականաչափ ուժ ունի՝ պատերազմի զենքերից ամենասարսափելին վնասազերծելու համար»,- ITAR-TASS-ը մեջբերում է Քերիի խոսքերը:









































