Կա խորամանկ և խելացի կայսերապաշտություն, և կա բութ ու համառ կայսերապաշտություն: Ռուսական կայսերապաշտությունը պատկանում է այս երկրորդ տեսակին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը՝ խոսելով ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարության մասին:
Ռուսաստանի խորհրդարանի խոսնակը իր հայ գործընկերոջ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում առաջարկել էր «պաշտոնական կարգավիճակ» տալ ռուսաց լեզվին Հայաստանում, որպեսզի ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: Ավելի ուշ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հակադարձել է Վոլոդինի այդ առաջարկին՝ հայտարարելով, որ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու օրակարգ Հայաստանում չկա:
Անդրադառնալով այս հարցին՝ Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս ցարական շրջանում շարունակաբար ենթարկել է հայերին մշակութային և լեզվական ահաբեկչության՝ փակելով հայկական դպրոցները:
«Եթե Ռուսաստանը չնայեր Հայաստանին որպես անվերջ ստրկացման օբյեկտի, շատ հավանական է, որ շատ առումներով իր բնական դաշնակիցն այսօր ունենար ոչ թե 30 հազար, այլ, ասենք, մի 100 հազար քառ/կմ պաշտոնական տարածք: Բայց ցարը Առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1916 թ., ցրեց հայկական կամավորական զինուժը՝ չնայած հայոց զորքի բոլոր հաջող գործողություններին, անձնվիրությանը, քաջությանը, հետո Լենինը մեկ անգամ՝ Բրեստ-Լիտովսկի, երկրորդ անգամ էլ Կարսի պայմանագրով հեշտությամբ զիջեց Արևմտյան Հայաստանը Թուրքիային: Ուրեմն այս բութ համառությունը հասցնելու է նրան, որ ռուսական կայսրության տարածքը շարունակաբար կրճատվի, և շարունակաբար այս կայսրությունը գտնվի ծանր մեկուսացման մեջ և շրջապատված լինի իրեն ատող ժողովուրդներով: Բայց ես չեմ կարծում, որ մենք էլ շատ նահանջելու տեղ ունենք և պետք է ծանր գին վճարենք: Կարծում եմ, որ պետք է դիմադրություն լինի: Այդ դիմադրությունը այս փուլում կարող է լինել լուսավորչական գործունեության միջոցով»,- մեկնաբանել է Վահրամ Մարտիրոսյանը:
Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:









































