«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի կազմակերպած Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրների շուրջ քննարկումը։ «Մինչև 2004-ը մահապատժի ենթարկված դատապարտյալները 2004-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանով ցմահ ազատազրկման դատապարտվեցին։ Հանրապետության նախագահը իրավունք ունի ներում շնորհելու, իսկ դրանից հետո ցմահ ազատազրկում տալու իրավունք չունի։ Ներման դեպքում պետք է քր. օր.-ով ուղղորդվել, բայց քանի որ նախագահի հրամանն էր, բոլոր դատավորները շարունակեցին այդպես»,- իր խոսքում հայտնեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Անդրադառնալով դատավճիռների վերանայման գործընթացին և օրինակ բերելով աշխարհի տարբեր երկրներում դրա ուղղությամբ կատարված գործողությունները՝ Ավ. Իշխանյանը նշեց. «Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է դատավճիռների վերանայման գործընթացը, բայց մեզ մոտ՝ ոչ։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ մեր դատական համակարգը այնքան լավն է, որ վճիռները վերանայման կարիք չունեն։ Իդեալական դատարաններ չկան, կան կայացած և չկայացած դատարաններ, և մենք չկայացածներից ենք։ Թող այս քննարկումը սկրիզբ հանդիսանա պատը քանդելու, ցմահ ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար»։
Հարցի կարևորումը հումանիստական տեսակետից Հելսինկյան կոմիտեի նախագահի խոսքով մարդկանց ուղղվելու հնարավորություն տալն է։








































