Հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։
shamshyan.com –ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից փորձում են դուրս բերել մահացածի դին։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։










































