«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ուկրաինայի Քաղաքագիտական կրթության ինստիտուտի տնօրեն, Կիևի ավագանու անդամ Անդրեյ Ստրաննիկովի հետ:
– Պարոն Ստրաննիկով, Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչն այն մարդն է, որին Ռուսաստանն աջակցում էր վերջին երկու նախագահական ընտրություններում: Իսկ այսօր նա մերժում է Ռուսաստանի առաջարկը՝ անդամակցելու Մաքսային միությանը, և հայտարարում, որ Ուկրաինան միանշանակ ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ինչպե՞ս կարելի է սա բացատրել:
– Յանուկովիչն առաջին նախագահը չէ, որ նման բաներ է անում: Օրինակ՝ Լեոնիդ Կուչման 1994-ին նախագահ դարձավ դարձյալ պրոռուսական տրամադրությունների շնորհիվ, ավելի ճիշտ՝ այն մարդկանց շնորհիվ, ովքեր ավելի շատ մոտ էին Ռուսաստանին, քան թե ԵՄ-ին: Բայց նա ժամանակի ընթացքում Ուկրաինան թեքեց դեպի ԵՄ, և 1999-ի նախագահական ընտրություններում ավելի շատ եվրոպամետների քվեն ստացավ, քան թե ռուսամետներինը: Նա, ով Ուկրաինայում դառնում է նախագահ կամ քիչ թե շատ իշխանություն է ձեռք բերում, առաջին հերթին շահագրգռված է իր իշխանության ամբողջականությամբ: Միավորված երկրի նախագահ լինելը, ուժեղ վերահսկողությունը, ավելի շատ փող աշխատելը առաջնահերթություն է: Իսկ, այ, եթե դու Ռուսաստանի ինչ-որ հատվածի նախագահ ես, կամ ավելի ճիշտ՝ նահանգապետի նման մի բան ես, ապա դա գրավիչ չէ իշխանության եկած մարդու համար: Այդ պատճառով էլ իշխանության գալով պրոռուսական տրամադրությունների հիման վրա՝ Յանուկովիչը հիմա փորձում է իր կողմը գրավել պրոեվրոպական ընտրողներին, փորձում է ցույց տալ, թե տեսեք՝ ով էլ որ նախկին նախագահներից գոռար եվրոպական հեռանկարի մասին, ոչ մեկը երկիրը չբերեց Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, իսկ ես դա արեցի:
– Ռուսաստանի մասին խոսելիս օգտագործեցիք «նահանգապետ» բառը. արդյոք Մաքսային միություն մտնելով՝ Ուկրաինան կկորցնե՞ր իր ինքնիշխանությունը:
– Ես եվրոպական ասոցացումն ու Մաքսային միությունը գլոբալ ընտրության տեսակետից եմ դիտարկում: Կա՛մ մենք գնում ենք այս կողմ, կա՛մ՝ այն կողմ: Որտե՞ղ է Ուկրաինան լինելու՝ եվրոպակա՞ն, թե՞ ռուսական արժեքների հետ: Ես ընդդիմադիր եմ, բայց կարծում եմ, որ ԵՄ գնալու հարցում ընդդիմությունն իշխանության հետ պետք է միասնական լինի:
– Ռուսաստանի սպառնալիքները, Ձեր կարծիքով, կարո՞ղ են ի վերջո հասցնել նրան, որ երկրի էլիտան փոխի իր որոշումը հօգուտ Ռուսաստանի (Մաքսային միության):
– Ռուսաստանը վերջին ամիսներին, այսպես կոչված, առևտրային պատերազմ է մղում մեր դեմ: Այն ապրանքները, որոնք մշտապես արտահանվել են Ռուսաստան, այսօր, չգիտես ինչու, ինչ-որ խնդիրների են հանդիպում, որոնց երբեք չեն հանդիպել: Նույն որակն ունեն, նույն ընթացակարգերով են արտահանվում, բայց ինչ-որ խնդիրներ են արդեն առաջանում: Նմանատիպ իրավիճակ է նաև Մոլդովայի դեպքում: Այսինքն՝ Ռուսաստանը հասկացավ, որ «քաղաքակիրթ» ճանապարհով իր ճնշումների ռեսուրսները սպառվել են, որ անգամ Ուկրաինայի ներսում իրենց ազդեցության գործակալները, իրենց «հինգերորդ շարասյունը» ազդեցիկ չէ: Դրա համար խաղի մեջ են մտցրել առավել ծանրակշիռ բաներ՝ ֆինանսական վնասները: Չե՞ք ուզում մեր Մաքսային միությունը՝ դե ուրեմն ստացեք:
Բայց նման քայլերով Ռուսաստանն իրեն ավելի է հեռացնում Ուկրաինայից, որովհետև այն մարդիկ, ովքեր Ուկրաինայում լոյալ էին Ռուսաստանի նկատմամբ, հիմա սկսում են «բացահայտել» իրական Ռուսաստանը:
– Դուք նշեցիք ֆինանսական վնասների մասին, բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Ուկրաինայի ազդեցիկ գործարարները կամ օլիգարխները ևս ԵՄ-ի հետ ասոցացման կողմնակից են:
– Սա դարձյալ մշակութային ընտրության հարց է: Մեր օլիգարխներն արդեն վաղուց են ընտրություն կատարել՝ հօգուտ Եվրոպայում ապրելու: Թեև նրանք հիմնականում հարստացել են Ռուսաստանի հետ կապվածության արդյունքում, նրանց փողերը պահվում են Եվրոպայում, որովհետև այնտեղ ավելի ապահով են, կարող են մնալ շատ երկար: Հավանականությունը, որ բանկերը կսնանկանան,մոտ է զրոյին: Ոչ ոք չի ազգայնացնի դրանք, ոչ մի իշխանություն չի ասի՝ եկեք հետ չտանք այդ փողերը և այլն: Ուկրաինայում ու Ռուսաստանում կարող է նման բան լինել:
Այնուամենայնիվ, իշխանության քայլերը պետք չէ միանշանակ ընկալել: Այո՛, ցույց է տրվում, որ մենք ընտրություն կատարել ենք՝ հօգուտ ԵՄ-ի: Բայց մյուս կողմից էլ իշխանությունն այնպիսի բաներ է անում, որ Եվրոպան ինքը հրաժարվի Ասոցացման համաձայնագրի վավերացումից: Բանն այն է, որ եթե այդ Ասոցացման պայմանագիրը ուժի մեջ մտնի, մեր իշխանությունները ստիպված են լինելու պաշտպանել մարդու իրավունքները, աշխատել առավել թափանցիկ, դադարեցնել հետապնդումները քաղաքական մրցակիցների նկատմամբ և այլն: Այսինքն՝ ստիպված են են լինելու փոխվել, իսկ նրանք, իմ կարծիքով, փոխվել չեն ուզում: Այսինքն՝ իշխանությունը հասկացնում է Ռուսաստանին, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս է ռուսական ազդեցության գոտուց, ցույց է տալիս ԵՄ-ին, որ մենք ուզում ենք ձեզ մոտ գալ, բայց միաժամանակ երկրի ներսում այնպիսի բաներ են արվում, որ ԵՄ-ն չհամաձայնի մեզ ընդունել: Ուկրաինայի պառլամենտը, իհարկե, կվավերացնի Ասոցացման համաձայնագիրը, բայց այն պետք է վավերացվի նաև ԵՄ 28 երկրներում: Եվ, օրինակ, Գերմանիան ու Ֆրանսիան, տեսնելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կատարում համապատասխան պարտավորությունները, կարող են անընդհատ ձգձգել վավերացման գործընթացը:
– Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել հօգուտ Մաքսային միության: Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ՝ Ձեր կարծիքով:
– Ստացվում է հետաքրքիր իրավիճակ: Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ՝ ի տարբերություն Վրաստանի կամ Ուկրաինայի, բայց ռուսական ազդեցությունը բավականին ուժեղ է: Բնական է, որ Ռուսաստանը փորձելու է Հայաստանի միջոցով ազդել այն երկրների վրա, ովքեր ընտրել են ԵՄ-ն: Միայն հայ հասարակությունն է, որ այս իրավիճակում հստակ կարող է իր խոսքն ասել: Ես չգիտեմ՝ ինչ տրամադրություններ են Հայաստանի ներսում, բայց եթե դրանք հակասում են նրան, ինչ ասել է Սերժ Սարգսյանը, այդ դեպքում ընդդիմությունը պետք է և՛ հանրաքվե պահանջի, և՛բողոքի միջոցառումներ անցկացնի:
Ցանկացած կայսրություն, խոսքը մասնավորապես Ռուսաստանի մասին է, միշտ փորձելու է ուժով պահպանել իր ներկայությունն ամենուր: Որովհետև հենց որ արտաքին «թշնամին» անհետանում է, միանգամից ներսում է թշնամի հայտնվում, իսկ Ռուսաստանն իր ներսում չափազանց շատ խնդիրներ ունի: Այդ պատճառով եթե չլինեն «թշնամիներ»՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի տեսքով, ապա մարդկանց ուշադրությունն ավելի շատ կկենտրոնանա ներքին խնդիրների վրա, ինչը կարող է շատ վտանգավոր լինել Ռուսաստանի ամբողջականության համար: Այնպես որ պետք չէ հույս ունենալ, թե Ռուսաստանն առաջիկայում ձեռք կքաշի Մոլդովայից կամ Ուկրաինայից:








































