Ռուսաստանի հավաքականի եզրային պաշտպան Յուրի Ժիրկովը «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից առաջ հարցազրույց է տվել Спорт-Экспресс-ին: Երևանում կայացած խաղի ժամանակ Ժիրկովի վրա լավ տպավորություն են թողել Հայաստանի հավաքականի երկու առաջատարները` Հենրիկ Մխիթարյանն ու Յուրի Մովսիսյանը:
– Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո:
– Լավ թիմ է՝ տեխնիկապես պատրաստված, արագ և բավական կազմակերպված:
– Երևան գնալիս սպասո՞ւմ էիք նման խաղ, թե՞ խաղի ժամանակ զգացիք որոշակի դժվարություններ:
– Հաստատ զարմացած չէինք: Ինձ Իվանովիչն էլ էր ասել, «Չելսի»-ում խաղացող պորտուգալացիներն էին ասել, որ Երևանում ոչ մի թիմ հեշտ հաղթանակի չի հասնում:
– Ոչ-ոքին այդ խաղի տրամաբանական արդյո՞ւնքն էր:
– Չնայած բոլոր զրույցներին, մենք կարող էինք և պարտավոր էինք հաղթել այդ խաղը, սակայն չի կարելի չխոստովանել, որ վերջնամասում կարող էինք և պարտվել:
– Մրցակցի ֆուտբոլիստներից ո՞վ ամենալավ տպավորությունը թողեց:
– Երևի, Մխիթարյանը` «Շախտյոր»-ից. տանտերերի բոլոր գրոհները նա էր կազմակերպում: Շատ ակտիվ էր նաև հարձակվող Մովսիսյանը:
– Ընդունված է համարել, որ անհատապես Ռուսաստանի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գերազանցում է մրցակցի խաղացողներին: Խաղադաշտում դա զգացվո՞ւմ էր:
– Սկզբունքորեն, խաղի մեծ մասն անցավ մեր գրոհների ներքո, եզրափակիչ գործողությունն էր պակասում:
– Այսինքն՝ միավորների կորստում միայն ինքնե՞րդ եք մեղավոր:
– Այդպես էլ կա:
– Ոչ-ոքին շա՞տ բարդացրեց ձեր վիճակը մրցաշարային աղյուսակում:
– Հաստատ չլավացրեց, սակայն դեռ ամեն ինչ մեր ձեռքերում է:
– Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը կարող է ամենաբարդը լինել շաբաթօրյա խաղում: Ի՞նչ պետք է անել միավորների կորստից խուսափելու համար:
– Պետք չէ մտածել՝ ինչն է ամենաբարդը լինելու: Հարկավոր է պարզապես դուրս գալ խաղադաշտ ու հաղթել:







































