Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը խոստացել է ապացուցել, որ երկրի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, և կողմ է արտահայտվել պատժամիջոցների չեղյալ հայտարարմանը՝ ինչպես միակողմանի հիմքով, այնպես էլ ՄԱԿ-ի կողմից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Իրանական միջուկային ծրագիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ խաղաղ ծրագիր, և մենք միջազգային հանրությանը կհամոզենք դրանում»,- ասել է Զարիֆը:
Նրա խոսքերով՝ Իրանի դեմ գործող պատժամիջոցները «հակաարդյունավետ են» և վերջ ի վերջո պետք է չեղյալ հայտարարվեն:
Զարիֆի հանդիպումը «վեցյակ»-ի հետ կայացել է ՄԱԿ ԱԽ-ում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների մասնակցությամբ: Բանակցությունները կշարունակվեն Ժնևում՝ հոկտեմբերի 15-16-ին: ՄԱԿ ԱԽ-ում բանակցություններից առաջ Զարիֆը առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
«Մենք պայմանավորվել ենք փորձել առաջ մղել այս գործընթացը և գտնել հարցերի պատասխանը, որոնք ունեցել ենք միջուկային հարցի վերաբերյալ»,- ասել է Ջոն Քերին և հավելել, որ պատասխանները գտնելու մեծ հույս ունեն:










































