Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է «Ինգրիդ» և «Մանուել» բնական աղետների հարվածներից հետո երկրի վերականգնման ազգային ծրագրի իրականացման մեկնարկի մասին: Այն նախատեսում է փոփոխություններ բյուջեի ծախսային հատվածում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով հատուկ հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ մտադիր է դիմել պատգամավորներին՝ բյուջեի ծախսերի հոդվածների փոփոխման խնդրանքով՝ միջոցներ ուղղելու բնակելի տների, գյուղատնտեսական տարածքների ու ենթակառուցվածքների վերականգնմանը:
«Ինգրիդն» ու «Մանուելը» միաժամանակ Մեքսիկային հարվածեցին երկու կողմից՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների: Վերջին տվյալներով՝ զոհվել է 139 մարդ, վիրավորների թիվը հասնում է 35-ի, իսկ անհետ կորածներինը՝ 53-ի: Լրջորեն վնասվել են 240 հազար մարդու կացարանն ու գույքը:
«Մենք պետք է երաշխավորենք, որ դաշնային կառավարության օգնությունը կուղղվի հենց տուժածներին»,- ընդգծել է նախագահը: Նա ազգային ծրագրի իրականացման պատասխանատու է նշանակել ներքին գործերի նախարարությանը:









































