Ահարոն Ալեքսիսը, որը հրաձիգ է եղել Վաշինգտոնի Ծովակալությունում, մահվանից առաջ թողած գրության մեջ ասել է, որ իրեն սպանության է դրդել այն, որ առնվազն 3 ամիս իրեն ենթարկել են ցածր հաճախականությամբ ռադիոալիքներով ճառագայթման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գրության բովանդակությունը պարզել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները: Գրությունը հայտնաբերվել է Վաշինգտոնի հյուրանոցային համարում, որտեղից էլ Ալեքսիսն ուղղվել է Ծովակալություն:
Ալեքսիսի վստահությունն առ այն, որ իր վրա ազդում են ցածր հաճախականությամբ ռադիոալիքնրով (ELF), բացատրում են արտահայտությունները, որոնք նա խազերով փորագրել է ատրճանակի վրա. «Իմ ELF զենքը», «Վե´րջ տառապանքներին», «Ավելի լավ է այսպես»:
Երեկ FBI-ի ներկայացուցիչները հրապարակել են տեսահսկման խցիկներից արված տեսանյութի մի հատված: Այնտեղ երևում է, որ Ալեքսիսը շինությունում որևէ հստակ մարդու չի փնտրել, նրա զոհն են դարձել պատահական հանդիպածները:
Առկա բոլոր ապացույցները հաստատում են նախկինում առաջ քաշված վարկածը, համաձայն որի՝ Ալեքսիսը հոգեկան խանգարումներ է ունեցել և գործել է միայնակ: Հետաքննությունը շարունակվում է:
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին: Ալեքսիսը սպանել էր 12 մարդու և վիրավորել 8-ին: Նա սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Մինչև 2011 թվականը նա եղել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստային:








































