Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով շուրջ մեկ տարի կալանքի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին թույլ է տրվել այսօր՝ հուլիսի 15-ին, մի քանի ժամով մասնակցել հոր հոգեհանգստի արարարողությանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:
Կալանավորվելուց հետո Ղուկասյանն այդպես էլ չէր կարողացել տեսնել հորը։ Քննչական մարմինը մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ տալ տանը տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է: Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:











































