Ծովամթերքը, որ սեպտեմբերի 25-ին բռնել են ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ձկնորսները, ռադիոակտիվության ստուգումներ անցնելուց հետո վաճառվել են տեղի խանութներում: Թեստերն անցկացվել են 11 տեսակ ձկների, կաղամարների նմուշներով: Ստուգումների համաձայն՝ դրանք չեն պարունակում ռադիոակտիվ նյութեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Պրեֆեկտուրայի ջրերում բռնած ձկները «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո առաջին անգամ կվաճառվեն նաև Տոկիոյի մթերային խանութներում: Թեստերը ցույց են տվել, որ Ֆուկուսիմայի ափերի 100 տեսակի ծովամթերքներից 95-ում որևէ ռադիոակտիվ նյութ չի պարունակվում: Մնացած հինգ տեսակներում դրանց պարունակությունը չի գերազանցել Ճապոնիայի կառավարության կողմից սահմանված թույլատրելի նորմայի 1/10-ը:
Ֆուկուսիմայի ջրերում ձկնորսությունը դադարեցվել էր դեռևս 2011թ. գարնանը, ինչը նյութական մեծ վնաս էր պատճառել տեղի ձկնորսներին: Ձկնորսությունը նախատեսվում էր վերսկսել 2013թ. սեպտեմբերի 5-ին, սակայն ձկնորսները ստիպված հրաժարվում էին իրենց ծրագրերից՝ 300 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքից հետո, որը գրանցվել էր «Ֆուկուսիմա-1»-ում օգոստոսին:











































