«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը
– Պարոն Աթանեսյան, Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո տարբեր մեկնաբանություններ հնչեցին. կային ինչպես դժգոհություն հայտնողներ, այնպես էլ որոշումից «գոհ մնացողներ»: Հաշվի առնելով ռեալ գործողությունների ժամանակ մարդկանց թիվը և կազմակերպվածությունը՝ ի՞նչ տպավորություն կարելի է ստանալ՝ մարդիկ պատկերացում չունե՞ն խնդրի մասին, անիրազե՞կ են, թե՞ պարզապես նախկին հիասթափություններն այնքան մեծ են, որ աշխուժություն դրսևորելու կարիք չեն զգում:
– Մաքսային միությանը և հետագայում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի տեղեկատվական ապահովումը Հայաստանում լի էր մասնագիտական և գործնական սխալներով, այդ թվում՝ առաջին՝ ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգության համար Ռուսաստանի Դաշնությունն ունի անվիճելի արժեք: Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀՀ զինված ուժերի ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական ապահովման հարցում Ռուսաստանի դերը մեզ համար անփոխարինելի է: Այս իմաստով, Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցությունների սկսման պահից պետք է Ռուսաստանին երաշխիքներ տար` Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը որևէ կերպ չվիճարկելու վերաբերյալ: Մինչդեռ, Հայաստանում քաղաքական վերնախավի մի մասի կողմից ԵՄ-ի հետ համաձայնագրերի նախաստորագրումը մատուցվել էր որպես հակակշիռ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերություններին, ինչն անտեղի սրեց իրավիճակի ընկալումը և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան հասարակություններում` գերագնահատելով առկա իրողությունը:
Երկրորդ՝ ՀՀ նախագահի կողմից այդ կապակցությամբ որոշման ընդունումը և այդ մասին հայտարարելը` Կրեմլից դուրս գալուց անմիջապես հետո, միանշանակ բացասական տպավորություն թողեց Հայաստանի Հանրապետության կարողության մասին` ռազմավարական որոշումներն ինքնուրույն ընդունելու վերաբերյալ: Մինչդեռ, նման որոշման ընդունման անհրաժեշտությունը երկրի ղեկավարի կողմից պետք է օգտագործվեր` հասարակության և քաղաքական առողջ ուժերի հետ հանրային երկխոսություն ծավալելու և ժողովրդին իր շուրջը համախմբելու ուղղությամբ:
Երրորդ՝ ռուսաստանյան հասարակության մեջ, դատելով ռուսական լրատվահոսքերից, այդ որոշումն ընկալվեց և մատուցվեց որպես «հայերի անազնիվ բարեկամություն. ասում էին, որ մեզ հետ են, իսկ իրականում ուզում էին Եվրոպա փախչել… Ուստի ականջից բռնած հետ բերեցինք»: Այս հանգամանքը, բնականաբար, չի նպաստում հայ-ռուսական հարաբերությունների խթանմանը, մասնավորապես՝ չի բխում Ռուսաստանում ապրող հայերի շահերից:
Վերջապես, հայաստանյան հասարակության մեջ առկա է կենցաղայինից մինչև մասնագիտական մակարդակում տարբեր կերպ հնչող, բայց միևնույն իմաստն ունեցող և բավական հիմնավորված դատողությունը, այն է՝ եթե ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի և որ իրականում չունի այլ տարբերակ, քան անդամակցությունն է Ռուսաստանի կողմից ստեղծվող կառույցներին, ապա արժե՞ր արդյոք ձգձգել և հնարավորություն տալ Ադրբեջանին` Ռուսաստանի «աչքը մտնելու» և մեր հաշվին ինքնահաստատվելու, ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում ամրապնդելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման կամ Մաքսային միության անդամության այլընտրանքներին, ապա օբյեկտիվորեն և հստակորեն գնահատված չէ Հայաստանի համար այդ երկու այլընտրանքներից մեկին Հայաստանի մասնակցությունից բխող տնտեսական շահը: Համենայնդեպս, երկուսն էլ Հայաստանի համար տնտեսապես պակաս մատչելի են և շահավետ, քան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ԵՄ-ի հետ անմիջական սահմաններ ունեցող Մոլդովայի և Ուկրաինայի համար, և պակաս շահավետ, քան Մաքսային միությանն անդամությունը Ղազախստանի և Բելառուսի համար: Ավելին, Մաքսային միության անդամներ Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները բազմիցս վրդովվել են և քննադատել այդ միության տնտեսական քաղաքականությունը` մտավախություն հայտնելով, որ հնարավոր է իրենց պետությունները ստիպված լինեն դուրս գալու Մաքսային միությունից: Համապատասխանաբար, այդ միությանն անդամակցումը Հայաստանի համար լրացուցիչ տնտեսական հիմնավորումների կարիք է զգում:
Բացի այդ, հայաստանյան հասարակության մեջ առկա են բազում կարծրատիպեր, որոնք կապված են Եվրամիության և Եվրասիական Միության հետ: Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը հաճախ ընկալվում է ծայրահեղորեն` սկսած գերհարուստ եվրոպական համայնքներում հայտնվելու իլյուզիայից, մինչև վախը` բախվելու «համասեռամոլներով լի» հանրույթին և ժամանակի ընթացքում «կորցնելու ազգային ինքնությունը»: Մաքսային միության և համապատասխանաբար Եվրասիական Միության վերաբերյալ հայաստանյան հասարակության մեջ առկա կարծրատիպերն այդ միությունները սխալմամբ նույնացնում են Ռուսաստանի հետ` մոռանալով կամ տեղյակ չլինելով, որ բուն Եվրասիականության և Եվրասիական միության, որպես տնտեսական միության, գաղափարն առաջադրել է ոչ թե Ռուսաստանի, այլև Ղազախստանի առաջնորդ Ն. Նազարբաևը, մինչդեռ Ռուսաստանի ղեկավարության կողմից այդ գաղափարն ընդօրինակվել է հիմնականում ռուսաստանակենտրոն քաղաքական միավորում ստեղծելու ցանկությամբ:
Համապատասխանաբար, Հայաստանն ունեցել է տնտեսական առումով մեզ համար բավարար կերպով չհիմնավորված երկու այլընտրանքներ:
Ինչ վերաբերում է քաղաքական միությանը, ապա ԵՄ բևեռը մեզ համար նպաստավոր միջավայր կլիներ` ՀՀ քաղաքական ինստիտուտների արդիականացման և ժողովրդավարացման տեսանկյունից, մինչդեռ Ռուսաստանի ներքին քաղաքական մշակույթը Հայաստանի ժողովրդավարացման տեսանկյունից պակաս ուսանելի է: Ավելին, Ռուսաստանում, ցավոք, տիրող կոռուպցիոն միջավայրն ու «ատկատների» տարածված պրակտիկան, քաղաքական որոշումների ընդունման միանձնյա ռեժիմն ու ընդդիմության թույլ և ձևական լինելն այդ համակարգի հետ Հայաստանի մերձեցման պայմաններում չեն կարող նպաստել Հայաստանում ժողովրդավարացման միտումներին և հնարավորություններին:
– Այս նույն խնդրի հետ կապված՝ միջազգային փորձագետների մակարդակով մեկնաբանություններ են հնչում, թե հայերն, ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի ժողովրդի (որոնք պատրաստվում են ստորագրել և նախաստորագել ԵՄ–ի հետ Ասոցացման համձայնագիրը)՝ ռուսամետ են, Ռուսաստան սիրող… Ընդհանուր առմամբ այդպիսի տպավորություն դուք ստացե՞լ եք:
– Պետք է տարբերակել ժողովուրդների միջև դարերով ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և քաղաքական շահը: Այսպես, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության բնակչությունը շատ ավելի սերտ է կապված միմյանց հետ` ունենալով էթնիկ ընդհանրություն, ուղղափառության ընդհանուր պատմություն, քան հայաստանցիներն ու ռուսաստանցիները: Սակայն, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը Ուկրաինայում ակտիվորեն մատուցվում է որպես հակառուսական այլընտրանք` «ռուսաստանի ճնշող և միաուղղված ազդեցությունից դուրս գալու հնարավորություն»: Այս ընկալմանը էլ ավելի է նպաստում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ուղղված տնտեսական պատերազմն ու հակաքարոզչությունը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ պետությունը նախագահ Սաակաշվիլու օրոք դուրս եկավ Ռուսաստանի անմիջական ներազդման դաշտից և ավելի ազատ է կատարելու իր ընտրությունը, քան Ղրիմում Ռուսաստանի նավատորմն ունեցող Ուկրաինան, Ռուսաստանից գրեթե ամեն ինչում կախման մեջ մտած Հայաստանն ու այժմ Ռուսաստանի ուժեղ ճնշման տակ գտնվող Մոլդովան: Եվ ժողովուրդների միջև հարաբերություններն այստեղ քիչ նշանակություն ունեն:
– Վերջին մի քանի բողոքի ակցիաները՝ Կոմիտաս 5, ընդդեմ Մաքսային միությանն ակցիան, «Փակ շուկա», «կարմիր գծեր», այնքան էլ երկարատև չեղան։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, հասարակության պասիվ մնալու պատճառը, խնդիրները շատանում են, հասարակությունն աշխուժանալու փոխարեն՝ պասիվանում։
– Չէի ասի, որ հայաստանցիներն իրենց սոցիալական մասնակցության տեսանկյունից պասիվանում են: Ընդհակառակը՝ այս տարվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների միջոցով իրեն հստակ բնութագրեց հայաստանյան երիտասարդությունը` որպես առաջադեմ սոցիալական խումբ: Իհարկե, մեզանում առկա է նաև երիտասարդության բևեռացումը` առաջադեմ և հարմարվողական կողմնորոշում ունեցող երիտասարդները, որոնցից առաջինները փորձում են կայացնել իրենց օբյեկտիվ իրավունքը` Հայաստանում իրենց զգալու ինչպես տանը և ունենալու լիիրավ կարողություն` մասնակցելու պետության կառուցմանը: Երկրորդները, հակառակը, փորձում են կցվել առկա ենթահամակարգերին և սպասել իրենց հերթին` ընտրացուցակներում: Սակայն, իրական բարեփոխումները հնարավոր են դառնում հենց առաջին խմբի` առաջադեմ երիտասարդության շնորհիվ: Ավելին. գտնում եմ, որ Հայաստանում այսօր տիրող իրավիճակը նման է Եվրոպայում 1960-ականներին սկիզբ առած մշակութային հեղափոխությանը, որի արդյունքում երիտասարդությունը առաջ բերեց ազատական արժեքներ և վարքի նորմեր, և էապես նպաստեց իրենց պետությունների քաղաքական մշակույթի և կենցաղային վարքի արդիականացմանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































