Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթը չեղյալ է հայտարարել՝ վախենալով «սադրանքներից», որոնք կարող էին սպառնալ իր կյանքին և առողջությանը: Նախապատրաստվող առնվազն երկու սադրանքների մասին նախագահին հաղորդել է հետախուզությունը, երբ նա վերադառնում էր Չինաստանից՝ հաղորդում է Russia Today-ը:
Մադուրոն նաև հաղորդել է, որ պատրաստվում է պաշտոնական հայց ուղղել Airbus ընկերության դեմ, որը նախագահական ինքնաթիռի սպասարկման սխալ հաշվարկներ է կատարել:
«Կարակաս վերադառնալուց 10-12 օր հետո լուրջ խնդիրներ են առաջացել ինքնաթիռի թևերից մեկի հետ կապված: Աստված իմ, և դա այն բանից հետո, երբ ինքնաթիռը հինգ ամիս մնացել է Ֆրանսիայում»,- ասել է նախագահը:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահը նախատեսում էր ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Չինաստան այցելելուց մեկ օր անց: Սակայն այցի ավարտից հետո նա որոշել է թռչել Կարակաս, ոչ թե Նյու Յորք՝ ասելով, որ հայրենիքում շատ գործեր ունի:











































