«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկրորդ անգամ դատական սանկցիա կիրառեց Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Դատարանը որոշեց, որ կրկին կդիմի Փաստաբանների պալատ՝ Լուսինե Սահակյանին պատասխանատվության ենթարկելու համար:
Մասնավորապես՝ դատական սանկցիայի մասին որոշումը կայացնելուց հետո, Լուսինե Սահակյանը կրկին ցանկացավ միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատարանը կրկին արգելեց նրան: Լուսինե Սահակյանը պահանջեց բացատրել, թե ո՞ր նորմով է սահմանված փաստաբանին` միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելը: Դատարանը Լուսինե Սահակյանի նկատմամբ կրկին դատական սանկցիա կիրառեց` նախազգուշացման տեսքով, այնուհետեւ դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ` փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու:
Արդեն ընդմիջման ժամանակ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Գրիշա Բալասանյանը, Արայիկ Պապիկյանը եւ Դավիթ Գյուրջյանը լքեցին նիստերի դահլիճը:











































