Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ երևանցիներին հղած ուղերձում հստակ նշվում էր, որ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու մասին որոշումը միայն ժամանակավորապես է կասեցվում:
Այս օրերին արդեն իսկ քաղաքապետարանում արծարածում են ուղեվարձը նորից թանկացնելու խոսակցություններ՝ տրանսպորտի որակը բարելավելու արդարացմամբ:
Հարցի շուրջ կարծես հստակ են Հանրապետական կուսակցության և «Բարև Երևան» դաշինքի դիրքորոշումները: Իսկ թե ինչ են մտածում ավագանու ԲՀԿ-ական անդամները, մենք հետաքրքրվեցինք ավագանու՝ «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներ Արմինե Գյուլազյանից և Սամվել Շառոյանից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմինե Գյուլազյանը, անդրադառնալով ուղեվարձի հնարավոր թանկացմանը և պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք բերված պատճառաբանությունները հիմնավոր են, ասաց. «Տրանսպորտի թանկացումը գների և գնագոյացման պրոցեսների գիտական վերլուծությանը համահունչ չէ և չի դիմանում քննադատությանը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Չինաստանից ներմուծված ավտոբուսների և նրանց կողմից սպասարկվող գծերի ազգայնացում: Շահույթների և վնասների ասպեկտում ճիշտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է մրցակցություն՝ ոչ թե տարբեր մասնավոր, այլև պետական և մասնավոր սեփականության միջև: Սա է գնագոյացման պրոցեսների ճկուն կարգավորման մեխանիզմը»:
Հարցին, թե փորձելու ե՞ն իրենք առաջարկները ներկայացնել քաղաքապետարանին, և ի՞նչ են կարծում՝ դրանք լսելի կլինե՞ն, թե ոչ՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք կփորձենք դա անել, ամեն դեպքում գնագոյացման վերջնական արդյունքները հաստատելու իրավունքը տրվում է ավագանու համընդհանուր նիստի որոշմանը, որովհետև եթե նույնիսկ մեր գները հանձնաժողովների կողմից տնտեսական առումով հիմնավորված լինեն, ավագանին սոցիալական և քաղաքական ճգնաժամի առումով կարող է համարել ժամանակավրեպ և պայթյունավտանգ և կարող է արգելափակել նոր հաստատումը վերադասի կողմից»:
Հետքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ունի բերված այն պատճառաբանությունների վերաբերյալ, որ այս որոշումն ընդունվում է տրանսպորտի բարելավման համար, այն դեպքում, երբ մի քանի օր «150 դրամանոց» տրանսպորտից օգտվելու ժամանակ մենք այդ բարելավումը նույնիսկ չտեսանք, մտավախություն չկա՞ որ իշխող կուսակցությունը դա իր շահերի համար է անում: Ավագանու ԲՀԿ-ական անդամը սրան ի պատասխան՝ ասաց. «Ես այս մասին ոչինչ ասել չեմ կարող: Ելնելով սոցիալական և քաղաքական ճգնաժամից՝ մեր խմբակցությունն աննպատակահարմար գտավ իր մասնակցությունն ունենալ այդ հարցի քննարկմանը»:
Հարցին, իսկ կո՞ղմ է արդյոք ուսանողների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների ընտրած պայքարին՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես անձամբ կողմ չեմ այդքան սուր միջամտություններին, բայց ուսանողների կողմից, երիտասարդության կողմից, կարծում եմ, անհրաժեշտ է՝ կրիտիկական մասա ստեղծելու համար»,- եզրափակեց նա:
Ավագանու՝ ԲՀԿ-ական մեկ այլ անդամ Սամվել Շառոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացմանն, ասաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆրակցիան նախապես հայտնել է իր դիրքորոշումն առ այն, որ տրանսպորտի թանկացում չպետք է լինի, մենք դեմ ենք տրանսպորտի թանկացմանը: Եթե ընդունվի այդպիսի որոշում, մենք դեմ կլինենք: Եթե մասնակցենք՝ դեմ ենք լինելու, եթե չմասնակցենք ու ընդունվի՝ ուրեմն լրիվ ապօրինի որոշում կլինի: Էն սկզբից հայտնել ենք, որ դեմ ենք լինելու տրասնպորտի թանկացմանը. մենք մեր կարծիքը չենք փոխել, «Բարգավաճ Հայաստան»-ի ավագանու ֆրակցիան ու ես անձամբ դեմ ենք»:











































