Վերջին օրերին հասարակության որոշ շրջանակներում շատ է խոսվում հայկական ֆուտբոլի թշվառ վիճակի մասին: Պատճառը հայկական թիմերի անփառունակ ելույթն է եվրագավաթների խաղարկությունում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ պարտությունը Մոնտենեգրոյի ընտրանուց: Ֆուտբոլասերների ճնշող մեծամասնությունը կատարվածի գլխավոր մեղավոր է համարում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ում ջանքերով մեր ֆուտբոլը հայտնվել է կոմայի մեջ:
Ֆուտբոլային իշխանության ներկայացուցիչները, սակայն, փորձելով սլաքները այլ ուղղությամբ տանել, շրջանառության մեջ են դրել հետևյալ «փայլուն» գաղափարը՝ ինչպես որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է, այդպես էլ ֆուտբոլն է, կամ ֆուտբոլն արտացոլում է երկրի տնտեսությունը: Այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանի թիմակիցները հասարակությանը փորձում են համոզել, որ մեր ֆուտբոլում տիրող վիճակը միանգամայն նորմալ է, և ավելին սպասել պետք չէ:
Ինչ խոսք, ֆինանսական ռեսուրսները նպաստում են ֆուտբոլի զարգացմանը, բայց փողը կամ հզոր տնտեսությունը ուժեղ ֆուտբոլ ունենալու գլխավոր գրավականը չէ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 20 ուժեղագույնների շարքում Հարավային Ամերիկայի 5 երկրների հավաքականներ կան: Նշենք, որ այս աշխարհամասի երկրները առանձնապես չեն փայլում տնտեսության զարգացածությամբ: Այսօր եվրոպական թիմերը ողողված են աֆրիկացի բարձրակարգ ֆուտբոլիստներով, իսկ աշխարհի առաջնություններում աֆրիկյան երկրների հավաքականները պարբերաբար տեղ են զբաղեցնում լավագույն ութնյակում: Կարծում ենք՝ Կամերունը, Գանան, Կոտ դ Իվուարը սոցիալ-տնտեսական վիճակով Հայաստանին չեն գերազանցում:
Ուժեղ ֆուտբոլ ունենալու համար մարզաձևն առաջին հերթին պետք է սիրված լինի իշխանությունների և հասարակության կողմից: Հայաստանյան իշխանությունները հասարակությանը համարում են իրենց թշնամին, իսկ հայ հասարակությունը ֆուտբոլ սիրում է: Ֆուտբոլը համախմբում է հասարակությանը հաղթանակի գաղափարի շուրջ, իսկ մեր իշխանություններին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, համախմբված հասարակություն ամենևին պետք չէ:
Եվրագավաթների խաղարկության երևանյան հանդիպումների ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որը սովորաբար կիսադատարկ է, ներկա են լինում ահռելի քանակությամբ ոստիկաններ: Ինչո՞ւ, որովհետև Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները վախենում են: Եթե մարզադաշտում մի քանի հազար մարդ գոռում է՝ «Նեմեց, հեռացի՛ր», ինչու չէ՝ կարող է գոռալ նաև՝ «Սերժիկ, հեռացի՛ր», իսկ ֆուտբոլից ստացված լիցքերը որոշակի գործողությունների շարժառիթ կարող են հանդիսանալ:
Ժամանակին, երբ Ռուբեն Հայրապետյանի «Փյունիկը» վերելք էր ապրում, «Հանրապետական» մարզադաշտն ուղղակի թնդում էր, ասեղ գցելու տեղ չկար: Ինչո՞ւ Հայրապետյանը սեփական ձեռքով ոչնչացրեց ֆուտբոլային այդ բումը: Կարծում ենք՝ պատասխանը պարզ է. քանզի գիտակցում էր, որ հաջողությամբ ոգևորված բազմությունը մի օր գոռալու է՝ «Նեմեց, հեռացի՛ր»: Այդպես էլ եղավ: Ինչո՞ւ Հայրապետյանը հավաքականից վռնդեց Յուրա Մովսիսյանին: Վերջինս, բացի բարձրակարգ հարձակվող լինելուց, խարիզմատիկ է և հասարակությանը համախմբելու որակներով է օժտված: Պատկերացնում եք, Հայրապետյան Ռուբենը ինչ զգացողություն է ունենում, երբ հազարավոր երկրպագուներ վանկարկում են՝ «Յուրա՛»:
Դրա համար ՀՖՖ նախագահը ֆանտաստիկ գներ է սահմանում տոմսերի համար, որպեսզի մարդիկ մարզադաշտ չգնան, խաղն անցնի կիսադատարկ տրիբունաների ներքո: Ինչպես Սերժ Սարգսյանը ուղղակի փոշիացրեց ընդդիմությունը, նույն սխեմայով Ռուբեն Հայրապետյանը հողին հավասարեցրեց ֆուտբոլը: Ֆուտբոլի ներկայիս վիճակը բավարարում է թե՛ Սարգսյանին և թե՛ Հայրապետյանին:
Ինչու են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում վեց թիմեր. որովհետև վերոնշյալ անձանց պետք չեն նաև ուժեղ թիմեր: Ցանկության դեպքում էլ բռնատիրական ռեժիմի կողմից թույլ չեն տրվի մեր երկրում ուժեղ ֆուտբոլային թիմեր ստեղծել: Ռուսաստանում հայ գործարարները գումար են ծախսում Մոսկվայի «Արարատի» վրա, քանզի Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա:
Տարիներ առաջ Հայրապետյանը ոչնչացրեց նաև Երևանի «Արարատը», քանզի այս թիմը մեր ֆուտբոլի սիմվոլն էր և նույնիսկ ծանր պայմաններում մարդկանց ստադիոն տանելու հատկություն ուներ:
Սրանք հայկական ֆուտբոլը քանդելու հզոր գործընթացից ընդամենը մի քանի դրվագներ էին: Հայաստանի նախագահին, ով նաև շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իրականում պետք է շախմատ սիրող հասարակություն: Հարկավոր է, որ մարդիկ նստեն տանն ու ինտերնետով հետևեն Լևոն Արոնյանի և հայաստանցի այլ գրոսմայստերների պարտիաներին:








































