Հուլիսի 7-ին Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը։ Վրացական, ինչպես և ռուսաստանյան մամուլն անդրադարձել է հանդիպման արդյունքներին և ազդարարել, որ Մոսկվայի ու Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են իրագործել 2011թ․ պայմանագիրը «Առևտրային միջանցքների մասին»։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Աբաշիձեն ու Կարասինը համաձայնության են եկել ավարտել 2011թ․ համաձայնագրի շուրջ խորհրդակցություններն ու անցնել շվեյցարական SGS ընկերության հետ գործարքների ձևակերպման, որը վերահսկելու է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ «առևտրային միջանցքներով» ապրանքների ու բեռների տեղափոխումը: Եվ այդ նպատակով առաջիկայում պետք է ստեղծվի ռուս-վրաց-շվեյցարական եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է համաձայնագրի իրագործմամբ։ «Մենք պայմանավորվել ենք, որ այս հարցով այլևս չեն լինելու խորհրդակցություններ․ժամանակն է անցնել կոնկրետ համաձայնագրերի ձևակերպմանը»,- ռուսական «Կոմերսանտ»-ին ասել է Աբաշիձեն։
Իսկ ի՞նչ է իրանից ներկայացնում «Առևտրային միջանցքների մասին» 2011թ․ պայմանագիրը, ինչո՞վ կարող է այն հետաքրքրել Հայաստանին: Մինչև 2011թ․Ռուսաստանը բանակցում էր Առևտրի միջազգային կազմակերպության հետ այդ կառույցին անդամակցելու համար: Վրաստանն արդեն իսկ այդ կազմակերպության անդամ էր և ուներ վետոյի իրավունք: 2008թ. օգոստոսին վրաց-օսական կամ ավելի շուտ՝ վրաց-ռուսական կարճատև պատերազմից հետո Վրաստանը սպառնում էր վետո կիրառել ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցելու վրա: Իսկ եթե մի երկիր նման քայլի գնար, ապա անդամակցել ցանկացող երկիրը չէր կարողանա իրականացնել իր այդ նպատակը: Բայց քանի որ Ռուսաստանն իր 170 միլիոնանոց բնակչությամբ ահռելի շուկա էր Եվրամիության երկրների և ԱՄՆ-ի համար, աշխարհաքաղաքական այդ կենտրոնները Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն համոզեցին չգնալ այդ քայլին: Այն ժամանակ դեռ Ուկրաինայի խնդիրը չկար, և ՌԴ-ի հետ Արևմուտքի հարաբերություններն այս աստիճանի լարված չէին: Եվ արևմտյան երկրներն առևտրատնտեսական լայն հարաբերություններ ունեին ՌԴ-ի հետ, հիմնականում ապրանք էին արտահանում այնտեղ, ինչի կարիքը ՌԴ-ն շատ ուներ:
Մ.Սաակաշվիլին ի վերջո համաձայնում է՝ փոխարենը ստանալով դեպի ՌԴ Վրաստանից արտահանման վերականգնման խոստում: Իսկ ինչպե՞ս պետք է կատարվեր այդ արտահանումը: Հենց այստեղից արդեն սկսվում է այդ համաձայնագրի քննարկումները: Եվ այստեղ աշխատում են երեք՝ վրացական, ռուսական և շվեյցարական կողմերը: Ինչո՞ւ շվեյցարական կողմը: Որովհետև այդ երկրում է գտնվում շատ հեղինակավոր և վստահելի SGS դիտորդական կազմակերպությունը, որը պետք է ապահովի այդ բեռների հանձնումը ռուսներին: Բանն այն է, որ այդ բեռները պետք է անցնեն Վրաստանից անջատված Աբխազիայի տարածքով, որի հետ այդ երկիրը որևէ հարաբերություն չունի: Իսկ եթե ունենա, դա կնշանակի ճանաչել դրա անկախությունը, ինչը Վրաստանը չի ցանկանում անել:
Վրաստանի սահմանից բեռները կնքված հանձնվում են SGS կազմակերպությանը, որն այն Աբխազիայի տարածքով հասցնում է ՌԴ սահմանին ու նորից հանձնում վրացական կողմին: Վերջինս ինքն է այն հանձնում ռուսական կողմին: Ընդ որում այդ համաձայնագրի մեջ որևէ անգամ նշված չէ Աբխազիա բառը, այնտեղ կան վերը նշված երեք կողմերը: Եվ այդպիսով կողմերը որոշում են քաղաքական տարաձայնությունները թողնել իրենց լուծմանն ու փորձել միայն առևտրատնտեսական դաշտում շփվել: Կարծես թե ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց վերջին պահին Ռուսաստանը պայման է դնում, որ իր սահմանին արդեն ինքը Վրաստանից չպտի ստանա, պետք է Վրաստանն այդ հարցով համաձայնության գա Աբխազիայի հետ, ու գործընթացը կասեցվում է: ՌԴ-ն այդ բանակցությունների ընթացքում արդեն հասցրել էր անդամակցել ԱՀԿ-ին, Վրաստանն իր խոստման համաձայն, վետո չէր կիրառել: Եվ արդեն ՌԴ-ին պետք չէր այդ համաձայնագրի կիրառումը, ու այդպիսով այն մնում է թղթի վրա:
Իսկ ինչո՞ւ էր այդ համաձայնագրի կիրառումն անհրաժեշտ կամ կարևոր Հայաստանի համար: Ինչպես հայտնի է, դեպի ՌԴ կամ հակառակ ուղղությամբ հայկական բեռներն անցնում են Վրաստանի Վերին Լարսի անցակետով, որը ձմեռային սեզոնին գրեթե չի աշխատում, իսկ ամառային սեզոնին էլ երբեմն որոշ խնդիրներ է առաջացնում: Բացի այդ, այն բավականին դժվարանցանելի՝ մոտ 2600 մ բարձրությամբ լեռնաշղթաներով է անցնում, ավելի երկար ճանապարհ է: Այդ համաձայնագրի արդյունքում, Աբխազիայի տարածքով բացվում էր դեպի ՌԴ ավտոմոբիլային ճանապարհը, ինչը Լարսի նկատմամբ անհամեմատելի առավելություններ ունի՝ նախ ծովի մակերևույթից ընդամենը մեկ-երկու մետ բարձրությամբ հարթավայրային ճանապարհ է, որն անխափան բեռնափոխադրում էր ապահովելու ամբողջ տարին: Եվ եթե Լարսով, ասենք, Երևանից Մոսկվա մեկ բեռնատարով բեռ տեղափոխելն արժե մոտ 3000 դոլար, ապա այս ճանապարհով 700-800 դոլար ավելի պակաս, ինչն անհամեմատելի հնարավորություն է մեր բեռնափոխադրումների համար: Եվ անգամ քաղաքագիտական կարծիք կա, որ եթե այդ ավտոմոբիլային ճանապարհը բացվի, ապա երկրորդ քայլը կարող է լինել երկաթուղային ճանապարհի բացումը: Այդպիսով, այդ ճանապարհի բացումը Վրաստանից առավել Հայաստանին է անհրաժեշտ:
Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ ՀՀ-ն: Կառավարությունից այս օրերին դեռ որևէ արձագանք չի եղել: Իշխանությանը մաս կազմած նախկին վարչապետ և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ ՌԴ-ն շահագրգիռ է բարելավվելու Վրաստանի հետ հարաբերությունները, իսկ ՀՀ-ն չպետք է խանգարի այդ համաձայնագրի կատարման շուրջ նրանց բանակցություններին: «Ես և դուք տեղյակ չենք, թե հայկական դիվանագիտական աշխատանքներն այդ ուղղությամբ ինչպես են ընթանում: Ես կարող եմ մի բան ասել, որ այդ գործընթացն օգտակար է թե՛ ՌԴ-ի համար, թե՛ ՀՀ-ի, թե՛ Վրաստանի, և թե տարածաշրջանի համար ընդհանրապես: Եվ ես կարծում եմ, որ չպետք է ավելորդ նախաձեռնություններ կամ շահագրգռվածություն ցուցաբերել: Պարզապես եթե հնարավոր է, մենք պետք է փորձենք նպաստել և ոչ թե խանգարել այդ գործընթացին»- ասում է Խ. Հարությունյանը:
Կգնա՞ այս անգամ ՌԴ-ն այդ համաձայնագրի կատարմանը, թե նորից ինչ-որ պատճառաբանություններ գտնելով, այն էլի կհետաձգի, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ այս անգամ ձեռքերը ծալած չպետք է նստեն ՀՀ իշխանությունները: Վարչապետ Կարեն Կարապետյանն ամիսներ առաջ հայտարարեց, թե դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ քննարկումներ կան՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչին է վերաբերում: Արդյո՞ք նա այս տարբերակը նկատի ուներ: Եվ արդյոք Կ․ Կարապետյանը, գիտակցելով հարցի լրջությունը, որպես գործընկեր կարող է ՌԴ իշխանությունների առաջ նման հարց դնել: Չէ որ ՀՀ-ն այդ երկրի ռազմավարական գործընկերն է, չէ որ ՌԴ-ի պահանջով ՀՀ-ն հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և անդամակցեց նրա ստեղծած ԵՏՄ-ին: Բայց եթե այդպես է, մենք չունենք ոչ ՌԴ-ի, ոչ էլ ԵՏՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու ճանապարհային հնարավորություն: Ուրեմն ՌԴ-ն պետք է դա ապահովի՝ թեկուզ հենց այդ համաձայնագրի կատարման միջոցով: Կ. Կարապետյանը կարո՞ղ է իրեն ՀՀ գործուղած ՌԴ իշխանությունների մոտ հարց բարձրացնել, որ այդքանով հանդերձ այդ երկիրը շարունակում է հսկայածավալ նորագույն ռազմական տեխնիկա մատակարարել մեր հակառակորդ Ադրբեջանին ու չի ցանկանում Հարավային Կովկասում իր ռազմավարական և տնտեսական գործընկերոջ համար այդ համաձայնագիրն իրականություն դարձնելու քաղաքական կամք դրսևորել: Կունենա՞ համարձակություն զգուշացնելու, որ հակառակ պարագայում ՀՀ-ն կասկածի տակ կդնի այդ գործընկերությունը և գուցե այստեղ նաև դժգոհության ալիք առաջանա: Գուցե կառավարությունը դեռ իր «տղամարդու» խոսքը կասի:









































