Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է Մհեր Անդրեասյանի և Արթուր Կարապետյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատված 31-ամյա Մհերն ու դատվածություն չունեցող 22-ամյա Արթուրը նախնական համաձայնության են եկել, դերաբաշխում կատարել ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար:
2012 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 16-ն անց 25 րոպեին Ներքին Շենգավիթի բնակիչներ Մհերն ու Արթուրը Նոր Նորքում էին:
Վաղօրոք կատարած դերաբաշխման համաձայն՝ Արթուր Կարապետյանը քաշել-պոկել ու բացահայտ հափշտակել է մայթեզրով քայլող Մանուշակ Վ.-ի պարանոցի 308 հազար դրամ արժողության ոսկե շղթան ու դիմել է փախուստի:
Մհեր Անդրեասյանը հանցակից Արթուրի փախուստն ապահովելու նպատակով, ըստ մեղադրանքի, անմիջապես մոտեցել ու իր օգնությունն է առաջարկել Մանուշակին ու նրա դստերը՝ փորձելով շեղել վերջիններիս ուշադրությունը:
Սակայն հասկանալով, որ կանայք կռահել են իր գործողությունների նպատակը, Մհերը հրել-վայր է գցել նրանց, և ինքն էլ է փախել հանցակցի փախած ուղղությամբ:
Բացի սրանից, Մհեր Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, վերոհիշյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված լինելով, նոյեմբերի 15-ին Նոր Նորքի քննչական բաժնի աշխատասենյակներից մեկում քննչական գործողությունների ավարտից հետո կատարել է փախուստի փորձ՝ փորձել է պատուհանից դուրս ցատկել, բայց չի ստացվել:
Մհեր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-355 հոդվածի 1-ին մասով, իսկ Արթուր Կարապետյանին՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Անդրեասյանն ու Կարապետյանը գտնվում են կալանքի տակ:








































