«Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում այսօր հրավիրված քննարկմանը ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 3-ին արված հայտարարության վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ անկախության մեծագույն առավելություններից մեկն այն է, որ երկիրը կարողանում է մշտապես պահպանել ընտրության կամ այլընտրանքի հնարավորությունը: Դա, ըստ Զուրաբյանի, խախտվեց հենց Սերժ Սարգսյանի օրոք. «Ցանկանում եմ շեշտել, որ դա է եղել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հաստատված արտաքին քաղաքականության դոկտրինան՝ անկախությունից ի վեր: Մենք ամրապնդել ենք լավ հարաբերություններ բոլոր գերտերությունների հետ՝ լինի դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, եթե կուզեք՝ Չինաստանը և Իրանը: Բարելավել ենք մեր հարաբերությունները հարևանների հետ՝ Վրաստան, Ադրբեջան և այլն: Քոչարյանի օրոք թեև կատարվեցին քայլեր, որոնք Հայաստանին ավելի մեծ կախվածության մեջ գցեցին Ռուսաստանից՝ ես նկատի ունեմ ստրատեգիական տնտեսական ռեսուրսների վաճառքը Ռուսաստանին, նաև Ռուսաստանի թելադրանքով Իրանի գազամուղի սահմանափակումը, այնուամենայնիվ զուտ դիվանագիտական առումով հավասարակշռության կոնցեպցիան պահպանվեց, և Հայաստանը շարժվում էր այն ուղով, որը որդեգրել էր Տեր-Պետրոսյանը»:
Լևոն Զուրաբյանի խոսքերով՝ մենք շարունակում էինք գնալ այդ ուղով, բայց 2013 թվականը կարելի է համարել «սև տարի»՝ հավասարակշռության քաղաքականության տատանման իմաստով. «Հուսով եմ՝ ժամանակավոր տատանում է: Հիմա Եվրոպան կորցրել է վստահությունը Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանն էլ է կորցրել Հայաստանի նկատմամբ վստահությունը: Նա իր խնդիրը տեսնում էր ոչ թե Հայաստանին Մաքսային միություն բերելով, այլ չթողնելով մերձեցումը Եվրոպական միության հետ: Ինչո՞ւ մենք հասանք այսպիսի նվաստացուցիչ պահ. հիմնական սխալը այն էր, որ ՀՀ իշխանությունը պետք է բացառեր այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ ՌԴ-ն Հայաստանի առջև ընտրության հարց կդներ»:
Պատգամավորի դիտարկմամբ՝ Ռուսաստանն այս կոշտ հակազդեցությունն արեց, որովհետև հասկացավ, որ Հայաստանն անընդունելի չափով կարող է մերձեցնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, և վտանգ տեսավ:
Բացի այդ, բանախոսի պնդմամբ, բանակցությունները պետք է տարվեին հնարավորինս թափանիկ, ինչը, սակայն, չարվեց. «Ինչպե՞ս կարելի էր հասարակությունից հեռու պահել այս ամենը: Ոչինչ չգիտենք՝ ո՛չ Ասոցացման համաձայնագրի, ո՛չ էլ Մաքսային միության վերաբերյալ»:
Լևոն Զուրաբյանը հավելեց, որ պետք է բացառվեր արևմտամետ և ռուսամետ լոբբիների պատերազմը. «Սա պետք է դառնար Եվրոպական միության և Ռուսաստանի համագործակցությունը Հայաստանի շուրջ, ոչ թե պատերազմ: Պատերազմը ոչ մի լավ բան չտվեց, արևմտամետները ոչնչացնում էին Պուտինին, ռուսամետներն էլ՝ Եվրամությունը ներկայացնում միայն հոմոսեքսուալիզմով»:









































