Իշխանության տարբեր կարգի ներկայացուցիչները վերջին օրերին դեմքի երջանիկ արտահայտությամբ գովերգում են Հայ ազգային կոնգրեսի երկխոսության պատրաստակամությունն ու քիչ է մնում սեր խոստովանեն Կոնգրեսի առաջնորդներին, այն նույն առաջնորդներին, որոնց հասցեին ինչ ասես չէին ասում նախկինում` դեմքի ինքնահավան և ամբարտավան արտահայտությամբ: Պարզ է` հիմա, քանի որ Սերժ Սարգսյանը որդեգրել է հանդուրժողության, այսպես ասած` քաղաքակիրթ պայքարի ոճը, իշխանության ստորոտներում կամ լանջերին գտնվողներն էլ ըստ այդմ փոխել են իրենց դեմքի արտահայտությունն ու բառապաշարը:
Մեծ հաշվով, որևէ նշանակություն չունեն այդ մարդիկ, և հազիվ թե արժեր անդրադառնալ Հայաստանի իշխանական համակարգում ոչինչ չորոշող և պարզապես այդ համակարգից սնվող անձանց գործողություններին և դիմափոխությանը: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսության մեջ այդ մարդիկ պետք է որ առանցքային տեղ ստանան օրակարգում, եթե իհարկե այդ երկխոսության բուն թիրախը երկրում համակարգային, որակական փոփոխություններ կատարելն ու Հայաստանը նոր մակարդակի բերելն է:
Այդ թիրախի և դրան հասնելու անկեղծ ցանկության առկայությունը աներկբայորեն ենթադրում է, որ այսօրվա իշխանական ապոլոգետների մի զգալի, կարելի է ասել` ճնշող մեծամասնությունը պետք է հեռանա թե՛ քաղաքական, թե՛ իշխանական, թե՛ տնտեսական ասպարեզից: Սա էլ արտահերթ ընտրության մի յուրօրինակ ձև է` արտահերթ ընտրվում են այն մարդիկ, որոնք այսօր տզրուկի նման կպած են պետությանը և քաշում են ամբողջ ավյունը, սնվում են պետության ռեսուրսների, պետության իմունային համակարգի հաշվին: Եթե իշխանությունը չի գնում դրան, իսկ ընդդիմությունն էլ չի կարողանում պարտադրել այդ կադրային վերանայումները, ապա ամեն ինչ, ըստ էության, դառնում է ապարդյուն:
Երկիրը պետք է ազատվի կադրային աղբից, որ պատել է բոլոր ոլորտները համատարած, վերից վար: Եվ այդ մարդկանց դեմքերին, որ այսօր փայլում են երջանկությամբ, որ ահա ընդդիմությունն արմատական դիրքերից իջնում է կառուցողականության և երկխոսություն առաջարկում` ընդունելով իրենց գերակայությունն ու իշխելու իրավունքը, երկխոսության ընթացքում արդեն, ոչ թե հետևանքով, այլ ընթացքում արդեն պետք է ի հայտ գա տրտմություն և ափսոսանք, որովհետև նրանք պետք է կորցնեն իրենց դիրքերը քաղաքական ու տնտեսական էլիտայի շարքերում: Այլապես ստացվելու է, որ ընդդիմությունն իսկապես ընդունել է այդ մարդկանց իշխելու իրավունքը` ոչ ավելին: Համենայնդեպս, հասարակության մի զգալի մասը սկսելու է հենց այդպես մտածել, կամ ովքեր արդեն իսկ սկսել են` հանգելու են համոզման:
Ընդ որում` տեղի ունեցող փոփոխությունները պետք է հրապարակ բերեն բոլորովին նոր մարդկանց: Ընդհանրապես, ընդդիմության և իշխանության երկխոսությունը պետք է միտված լինի երկրում քաղաքական, տնտեսական գործիչների, ֆունկցիոներների նոր սերնդի հրապարակ բերելուն: Եթե չփոխվի սերունդը, չի փոխվելու մտածողությունն ու գործողությունների որակը: Եթե չփոխվի սերունդը, ապա ցանկացած նոր որակական փոփոխության տակ միշտ դրված են լինելու վտանգավոր ականներ: Այդ հանգամանքը պակաս կարևոր չէ այն հարցից, թե կլինի՞, արդյոք, իրական բանակցություն արտահերթ ընտրության շուրջ, կամ` կլինի՞, արդյոք, արտահերթ ընտրություն: Կլինի՞, արդյոք, վերնախավային նոր, որակապես այլ մտածողության և արժեքների, այլ ներաշխարհի և իրավագիտակցության կրող սերունդ: Հայաստանի քաղաքական օրակարգի գլխավոր հարցը, թերևս, հենց դա է, քանի որ անկախության տարիներին անուններ և նույնիսկ խմբեր ու քաղաքական ամբողջական թիմեր են փոխվել, սակայն մտածողությունը երկրում առաջ է գնացել ոչ թե արդիականի, ազատի, լայնի, այլ քարանձավ-խորհրդայինի, նեղի, գավառականի ուղղությամբ:
Դա պայմանավորված չէ միայն անձերով, իշխանությանը տիրացած կամ ներիշխանական պայքարում հաղթած անձերի որակներով: Դա նախևառաջ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում, 1980-ականների վերջի համաժողովրդական շարժումից հետո, սերնդափոխության, քաղաքական ու տնտեսական գործընթացներում նոր սերնդի հիմնարար խնդիր չի դրվել: Մինչդեռ այդ ժամանակաշրջանի սերունդն ամենևին բավարար չէր, քանի որ այդուհանդերձ այն ևս խորհրդային միջավայրի ծնունդ և դաստիարակություն ստացած սերունդ էր, ինչն անխուսափելիորեն իր հետքն էր թողնելու դրա բազմաթիվ ներկայացուցիչների թե՛ մտածողության, թե՛ հոգեկերտվածքի, թե՛ աշխարհընկալման վրա:
Անհրաժեշտ էր այդ սերնդից հետո երկրորդ սերնդի, երկրորդ ալիքի արագ և դինամիկ գեներացումը, որն այդպես էլ չդարձավ պետական քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցերից մեկը և չդրվեց առաջնահերթությունների շարքում: Ներկայումս մենք հենց սերնդի ճգնաժամ ենք ապրում: Այսինքն` նոր սերունդը կա, սակայն չկան դրա առաջընթացի նախադրյալներ: Եվ եթե երկրում ձևավորվում է երկխոսության մթնոլորտ, ապա առաջնային խնդիրներից մեկը նախևառաջ պետք է լինի հենց քաղաքական ու տնտեսական վերնախավերում նոր սերնդի մարդկանց մուտքն ապահովելը: Կկարողանա՞ն լուծել երկխոսության կողմերն այդ հարցը, ուրեմն կվկայեն ժամանակի հանդեպ իրենց ադեկվատությունը: Եթե այդ հարցը չեն լուծի, ապա սերունդների ճգնաժամը Հայաստանում է՛լ ավելի խորը արտահայտվածություն կստանա և է՛լ ավելի կբարդանան այն հանգուցալուծելու առանց այդ էլ ոչ այնքան շատ տարբերակները:








































