«Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կարծիքով՝ իրենք «Փակ շուկայի» պայքարում հասել են շոշափելի արդյունքի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց Մատենադարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ:
Հիշեցնենք, որ այստեղ պատմամշակութային արժեքները պահպանելու թեմայով քննարկում էր անցկացվում, որի ընթացքում, սակայն, «Փակ շուկային» անդրադարձ չի եղել:
Կարո Եղնուկյանի խոսքով՝ «Փակ շուկայի» տարածքում Սամվել Ալեքսանյանն ուզում էր բազմահարկ բնակելի շենք կառուցել, ինչն իրենք կանխել են. «Նա ուզում էր ամբողջ շուկայի կամարները քանդել, բայց կեսը քանդեց, քանի որ մենք դա կանխեցինք»:
Հարցին՝ ինչո՞ւ ինքը թիրախ ընտրվեց, և հենց իր նկարը փակցվեց «Փակ շուկայում», Եղնուկյանը պատասխանեց. «Երբ դիմացինին ասում ես՝ դու մարդասպան ես, նա էլ գիտի, որ մարդասպան է, և բացատրություն չունի՝ նա մի բան էլ քո նկատմամբ է գտնում և ասում է օրինակ՝ քո մազերի գույնը կարմիր է: Ես էլ ասում եմ՝ իմ մազերի գույնն ինչ կապ ունի քո մարդասպան լինելու հետ: Հիմա նույնն բանն էլ այստեղ է կատարվում. երբ սեփականատերը չունի պաշտպանվելու օրինական հիմք, նա պետք է ինքնապաշտպանվելու քայլերի դիմի: Հիմա ես դարձա թիրախ, որովհետև երևի իմ արտաքինը նրան մի քիչ դուր է եկել, երևի… հետո ավելացրեց Գարեգին Չուգասզյանին: Ես էլ առաջարկեցի գնալ այն ֆոտոստուդիան, որտեղ նա այդ պլակատները պատրաստում է. թող բոլորիս նկարի և միանգամից դնի »:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































