Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայկական մշակութային հաստատությունները ՀՀ Անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անցկացրել են տոնական բազմաթիվ միջոցառումներ:
Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կոմպիեն քաղաքի համագործակցությամբ կայացել է «Խաչքարերի արվեստ» ցուցահանդեսի բացումը:
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Կոմպիենի քաղաքապետ, Ֆրանսայի սենատի անդամ Ֆիլիպ Մարինին, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և բազմաթիվ կոմպիենցիներ:
Դեսպան Չիտեչյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար այս նշանակալի օրը Կոմպիենում նշելու որոշումը հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության կարևորության վկայությունն է: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Չիտեչյանը և սենատոր Մարինին զրուցեցին Կոմպիենում և շրջակայքում ապրող ՀՀ քաղաքացիների հետ, ում համար դեսպանության կողմից այս տարի ՀՀ անկախության օրը Փարիզում կամ այլ հայաշատ քաղաքում չանցկացնելու որոշումը հաճելի անակնկալ էր հանդիսացել:
Նույն օրը Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը համարվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսի քաղաքապետարանի որոշմամբ և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հովանավորության ներքո ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողություն։
Ֆրանսիայի հարավում գտնվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսն իր միջնադարյան դիմագծերը լավագույնս պահպանած մի քաղաք է, ուր գործնականում չկա ֆրանսահայ համայնք, և որն ընդունում է տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ:
Անկախության տոնին նվիրված միջոցառումներ են կայացել նաև Մարսել, Լիոն, Վալանս, Ալֆորվիլ, Իսի լես Մուլինո և այլ հայաշատ քաղաքներում:








































