Ճապոնիայի հարավ-արևմուտքում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Եվս շուրջ 20 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Օրեր շարունակ չդադարող անձրևի հետևանքով շատ գետեր դուրս են եկել հունից, քանդվել են տներ, ճանապարհներ: Ճապոնիայի զինված ուժերի ավելի քան երկու հազար ծառայող մասնակցում է տուժած շրջաններում իրականացվող փրկարարական աշխատանքներին: Այս օրերի ընթացքում հնարավոր է եղել փրկել 1022 մարդու:
Իսկ Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի:
Հունիսի 22-ից սկսված հորդառատ անձրևների հետևանքով տարհանվել է ավելի քան 1.6 մլն մարդ, շուրջ 470 հազարը շտապ օգնության կարիք ունեն: Տարերային աղետը քանդել է 53 հազար տուն:
Փրկարար գործողություններում ներառված են ավելի քան 52 հազար զինվորական, ոստիկանության կամ փրկարար ծառայության աշխատակից:






































