Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարզաբանում է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի և «Առաջին լրատվական»-ի՝ «Նոբելյան մրցանակ «վ ստուդիո»» վերտառությամբ հոդվածի հետ կապված:
Պարզաբանման մեջ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, նշել է. «Հոդվածում աղավաղվել են իմ խոսքերը: Թերթը հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին, մասնավորապես գրել է. «Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Մաքսային միություն մտնելու որոշումը բխում է համայն հայության շահերից: Իսկ երբ «Ազատություն» ռադիոկայանը խնդրել է կոնկրետացնել, Շարմազանովն ասել է, որ կոնկրետ կքննարկենք, երբ որ կինի ամբողջական ինֆորմացիան: Փաստորեն, Շարմազանովը ամբողջական ինֆորմացիա չունի, բայց հայտարարում է, որ Մաքսային միությունը բխում է համայն հայության շահերից”:
Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հնչած հարցն ու պատասխանը այլ համատեքստում են: Ներկայացնում ենք այն ստորև:
«Ազատություն»․ – Երբ որ խոսվում է անվտանգության մասին, բնականաբար, բոլորն էլ հասկանում են, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հանրապետականները իրենց զրույցներում մինչև սեպտեմբերի 3-ը նշում էին, որ եթե Մաքսային միություն մտնելու հարց լինի, ապա նաև պետք է քննարկվի Ղարաբաղի խնդիրը: Արդյո՞ք այս հարցերը նաև հաշվի են առնվել այդ քաղաքական որոշումը կայացնելիս:
Շարմազանով․ – Այդ իմաստով ես մի բան կարող եմ ասել (փակագծերը շատ չբացեմ), որ այս միություն մտնելու հայտարարությունը բխում է հայության, այդ թվում արցախահայության շահերից, և ես նաև դրական եմ գնահատում Արցախի վարչապետի հայտարարությունը, որ սա դրական էր Արցախի համար և սա պատմական որոշում էր:
Հ. Գ. Հուսամ, «Ժամանակի» հոդվածն ընդամենը հեղինակի թյուրըմբռնման արդյունք է և ոչ իրականությունն աղավաղելու դիտավորություն:
Շփոթության մեջ ընկածների համար կրկնում եմ համոզմունքս, որ անվտանգ Արցախի գոյությունը բխում է ողջ հայության շահերից: Ավելին` մոլորության մեջ են նրանք, ովքեր տարանջատում են արցախահայության և համայն հայության շահը»:









































