Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Ա. Աշոտյանին
Հարգելի պարոն նախարար,
Մեր հանրապետության նախագահը և կառավարության անդամները իրենց խոսքերում միշտ կարևորել են մեր հանրապետության գիտական պոտենցիալի օգտագործումը` որպես պետության զարգացման կարևոր գործոն:
Ասպիրանտուրայի տեղերի քանակը հատկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` ըստ համալսարանի ներկայացված պահանջի: Իսկ ինչպե՞ս կամ, ամենակարևորը, ո՞վ է որոշվում համալսարանի պահանջը:
Համալսարանի պահանջը կախված է ֆակուլտետների դեկանների պահանջից: Իսկ ինչպես են որոշում դեկաններն այդ պահանջը:
Գաղտնիք չէ, որ առկա ուսուցմամբ ասպիրատուրա ընդունվողներն ազատվում են զինվորական ծառայությունից,, իսկ սա “լավագույն” առիթներից է կոռուպցիայի դրսևորման տեսանկյունից, հատկապես երբ դեկանն ինքն է որոշում ում ընդունի ասպիրանտուրա:
Կցանկանայինք Ձեր ուշադրությունը սևեռել մի հետաքրքիր փաստի վրա: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հենց այդպիսի խոստում էր տվել ֆիզիկական աշխարհագրության ամբիոնին:
Սակայն, ի ուրախություն մեզ, ասպիրանտական տեղերի վերջնական հատկացումը և հաստատումը իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ապա ՀՀ կառավարության կողմից: Եվ կառավարությունը, կարևորելով ՀՀ ներկայիս գիտական պահանջը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հատկացրել է ասպիրանտական տեղ երկրաբնապահպանություն մասնագիտությամբ` նույն ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնին: Բնականաբար այս հանգամանքը “վրդովեցրել” էր ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանին: Նա ինչպես ֆակուլտետում, այնպես էլ համալսարանի ղեկավարության մոտ հայտարարել է, որ «Մեկ է ընդունելու եմ իմ ուզած ուսանողին»: Եվ քանի որ ասպիրաանտական տեղերն արդեն հաստատված էին, և դեկանն ի զորու չէր որևէ բան փոխել, ուստի որպես արդյունք փոխվել է ընդունելության հարցաշարը: Ի համեմատություն նախորդ տարվա հարցաշարի, այս տարվա հարցաշարի հարցերի մոտ 70%-ը չի համապատասխանում երկրաբնապահպանություն մասնագիտությանը, ավելին հարցերը վերաբերվում են ֆիզիկական աշխարհագրության նեղ թեմաներին: Նախնական խոսակցություններ կան, որ ի տարբերություն անցած տարվա, երբ այդ մասնագիտական հանձնաժողովի մեջ ընդգրկված էին այդ ոլորտի մասնագիտության գիտնականներ, այս տարի Մ. Գրիգորյանը նախատեսել է նոր ընդունող հանձնաժողով, որոնց կայացրած որոշման վրա նա կունենա մեծ ազզդեցություն:
Մենք կարևորում ենք նաև մեր հարգարժան ռեկտորի քայլերն ուղված հակակոռուպցիոն գործնթացին և ինչպես նշել էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար և ռեկտորի առաջիկա ընտրություններում առայժմ միակ թեկնածու պարոն Արամ Սիմոնյանը վերջերս tert.am-ին տված հարցազրույցում` (http://tert.am/am/news/2011/05/19/aram-simonyan/?sms_ss=facebook&at_xt=4dd4b8eefcdeea1e%2C0)։
«Պետք է հասկանալ, որ կոռուպցիան հանցագործություն է։ Եթե մարդ մասնակցում է կոռուպցիային, նշանակում է նա հանցագործ է։ Մարդ պետք է զգա, որ դա հանցագործություն է»,- ասել էր Արամ Սիմոնյանը:
Ուզում ենք հավատալ, որ պարոն Սիմոնյանը նույնպես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի Մայր ԲՈՒՀ-ի վերոնշյալ ֆակուլտետում:
Նշենք մի փաստ ևս, մենք կարևորում ենք համալսարանի վարկի բարձրացումը: Իսկ երբ համալսարան են ընդունվում կոռուպցիայի միջոցով, արդյունքում համալսարանի վարկն ընկնում է կրկնակի` փող տվող ուսանողը մտածում է, որ «դե մեկե գիտենք թե ինչպես են ընդունվում ԲՈՒՀ», իսկ դրան հակառակ` արժանի ուսանողը տեսնելով անարդարությունը վրդովվում է անարդարությունից և հիմնականում մեկնում արտասահման: Խնդրում եմ ասեք, դրանից հետո մենք իրավունք ունե՞նք նման մարդկանց մեղադրել հայրենիքը լքելու մեջ:
Կցանկանայինք նշել ևս մի փաստ: Վերջին տարիներին նախարարությունը կրճատեց ասպիրանտուրայի տեղերը` նշելով թե նպաստում ենք կոռուպցիայի նվազեցմանը: Սակայն, եթե այն ժամանակ ֆակուլտետին հատկացվում էր օրինակ 2 տեղ, եթե նույնիսկ մի տեղն ընդունվում էին կոռուպցիայի միջոցով, ապա մյուսը հասնում էր իսկապես սովորող ուսանողին: Իսկ այժմ, շատ անգամ փողն ունենում է իր որոշիչ դերը մի ուսանողի համար, հեռու է գիտությունից և ասպիրանտուրա ընունվելը ինքնանպատակ է` բանակից խուսափելու համար և իր ճակատագրական դերն է ունենում արժանի ուսանողի համար:
Հարգարժան պարոն նախարար, մենք վստահ ենք, որ Դուք տեղյակ չեք ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ստեղծված իարավիճակի մասին: Խնդրում ենք հարցին տալ համապատասխան լուծում, ինչը կնպաստի թե´ Մայր ԲՈՒՀ-ի համբավի ամրապնդմանը և թե´ ուսանողների հարգանքին իրենց երկրի կրթական ոլորտի նկատմամբ: Մենք հավատում ենք Ձեր անաչառությանը:
ԵՊՀ մի խումբ ուսանողներ










































