21-ամյա Արման Մ.-ն հեռանկարային մարզիկ էր՝ թեթևատլետ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակից, մրցանակակիր:
1998 թվականի սեպտեմբերի 26-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում անցկացված թեթև ատլետիկայի ՀՀ առաջնության նիզակի նետում մարզաձևից նա դարձավ հանրապետության չեմպիոն:
Տիտղոսների սովոր երիտասարդի համար միգուցե այս չեմպիոնությունը հնարավորությունների բարձրակետի զգացողությունը չառաջացրեց, բայց չեմպիոն դառնալը՝ ցանկացած մասշտաբի, անշուշտ, մեծ ուրախություն էր:
Արմանը մտածեց՝ ո՞ւմ հետ է ուզում կիսել ուրախությունը, իր նվաճումի մասին ո՞ւմ է ուզում հենց այդ օրը տեղեկացնել, հպարտանալ: Եվ աչքի առաջ հայտնվեց այն աղջկա պատկերը, ում զանգում էր հաճախ: Երբեմն զանգում ու խոսում էր, երբեմն զանգում ու լռում էր, պարզապես լսում էր աղջկա շնչառությունը, ձայնը… Այն ժամանակ ջահելներն այդպես անում էին…
Երբ խոսում էր աղջկա հետ, ինչ-որ բան էր առաջարկում, աղջիկը մերժում էր: Արմանը դա վերագրում էր աղջկական խաղերին, նա կարծում էր՝ հենց որ աղջիկն իմանա իր չեմպիոնության մասին՝ ուրիշ աչքերով կնայի, այլեւս չի թերագնահատի իրեն…
Սեպտեմբերի 26-ի իր չեմպիոնական նվաճումն Արմանը սկզբում նշեց ընկերների ու եղբոր հետ: Բայց աղջկա մասին մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Բա չզանգի՞ ու ասի՝ գիտե՞ս, Հայաստանի չեմպիոնն է խոսում քեզ հետ…
Երկար մտմտալուց հետո Արմանը վերջապես համարձակվեց հավաքել աղջկա հեռախոսի համարը: Ժամացույցին չէր նայել՝ արդեն ժամը 23-ն էր:
Աղջիկը լսափողը չվերցրեց: Հեռախոսազանգին պատասխանեց տանտերը՝ աղջկա քեռին: Արմանը, տղամարդու ձայն լսելով, կարկամեց, չխոսեց: Ի՞նչ ասեր, աղջկան ինչպե՞ս կանչեր հեռախոսի մոտ…
Աղջկա քեռին՝ Հրանտ Ջ.-ն, այդ օրը չեմպիոն չէր դարձել: Երբեք չեմպիոն չէր եղել: Արմանի հոգեվիճակը նա չէր հասկանա: Նա հեռախոսազանգի պատճառով քնից արթնացած դժգոհ տղամարդ էր, բացի այդ՝ առաջին անգամը չէր, որ իրենց տուն էին զանգում ու չէին խոսում, զզվեցրել էին… Տանը քնած էին Հրանտի կինը, երեխան, քրոջ աղջիկը:
Հրանտ Ջ.-ն այնքան էր զայրացել այդ ժամին զանգող-չխոսողի վրա, որ սկսեց հայհոյել: Արմանը լսեց-լսեց հայհոյանքները, ի վերջո՝ հեռախոսն անջատելու փոխարեն՝ ինքն էլ հայհոյեց՝ ի պատասխան:
Փոխադարձ հայհոյանքները նրանց հասցրին՝ «Դուրս արի խոսենք» և «…-ի տղա» արտահայտություններին:
Արդեն կեսգիշեր էր: Աղջկա քեռի Հրանտը շատ տարիքով չէր՝ 32 տարեկան էր, հեռախոսալարի մյուս ծայրում հայհոյանքներ տվող երիտասարդ չեմպիոնն էլ 21տարեկան էր… Եթե նրանցից մեկնումեկը հանդիպման չգնար, չէր կատարվի անդառնալի ողբերգությունը…
Քեռին տանից դուրս գալիս դանակ վերցրեց: Հետո պիտի բացատրեր այսպես. «Ես մտածում էի՝ այդ տղան մենակ չի գա: Դանակ վերցրի, որ պաշտպանվեմ…»:
Արմանը խնջույքի սեղանի շուրջ խմբված ընկերներին, ոչ էլ՝ եղբորը, ոչ մի բան չասաց: Պարզապես դուրս եկավ՝ ասելով. «Քիչ հետո կգամ»: Դանակ էլ չվերցրեց՝ մտքով էլ չանցավ…
Արմանը գիշերային փողոցով մի քիչ առաջացավ: Մի մեքենա պատահեց: Նա կանգնեցրեց, խնդրեց իրեն հասցնել ժամադրավայր: Տեղ հասավ, մեքենան բաց թողեց: Ու տեսավ Հրանտին: Նա կանգնած էր մռայլ, ինչպես մութ գիշերը: «Էդ ո՞ւմ էիր ասում …-ի տղա»,- ասաց ավելի մռայլ: «Եթե դու լսել ու եկել ես, ուրեմն՝ քեզ»,- տղայական պատասխան տվեց Արմանը:
Հրանտ Ջ.-ի նկարագրությամբ՝ Արմանը բռնել է իր կոկորդից, իրեն կտրել է գետնից, սեղմել է կոկորդը: Եվ ինքը էդպես՝ գետնից կտրված, դանակը հանել է գոտկատեղից ու մխրճել է տղայի կուրծքը: Միայն՝ պաշտպանվելու համար: Թե չէ՝ այդ տղան կարող էր իրեն խեղդամահ անել, ո՞վ գիտի:
Եթե Արմանը ողջ մնար, նա էլ իր վարկածը կպատմեր: Բայց Արմանի վարկածը կամ դեպքերի իրական ընթացքը անհայտ կմնա, քանի որ երկուսով էին՝ դեմ առ դեմ: Ու երկուսից մեկը արդեն չկար…
Հրանտն արյունոտ դանակը դուրս քաշեց տղայի կրծքից:
Արմանը, անակնկալի եկած, բոլոր տեսակի հայհոյանքները մոռացած, Օգոստոսի 23-ի փողոցով ՝ ուղիղ փողոցի մեջտեղով սկսեց վազել դեպի քաղաքի կենտրոն: Նա վազում էր օգնություն ստանալու, հաջորդ օրվան ու մյուս օրերին հասնելու համար: Դա իր չեմպիոնության օրն էր, մի՞թե կարող էր այդ օրը վատ վերջանալ…
Նա 20 մետր էլ չէր վազել՝ ընկավ: Ու այդ օրվա հետ ավարտվեց նրա նոր սկսված կյանքը:
Ինչ-որ մարդիկ էին անցնում այդ փողոցով, տեսան ընկածին ու հիվանդանոց տեղափոխեցին մի երիտասարդի դիակ՝ կուրծքը՝ արյունոտ…
Իսկ Հրանտ Ջ.-ն Արմանին դանակահարելուց հետո գնաց տուն: Կնոջն ասաց, որ դանակահարել է իրենց տուն զանգահարող ու չխոսող տղային: Հետո գնաց ընկերոջ տուն: Ասաց, թե ինչ է արել: Ընկերը խորհուրդ տվեց գնալ ոստիկանություն…
«Ես անորոշ հայհոյել էի,- ասաց Հրանտը,- իսկ երբ հանդիպեցինք, ես ինձ պաշտպանում էի…»:
Հրանտ Ջ.-ին մեղադրանք առաջադրվեց դիտավորյալ սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 100 հոդվածով:
Պարզվեց, որ դանակի հարվածից վնասվել էր Արման Մ.-ի աորտան, սուր արյունահոսություն էր սկսվել ու դարձել արագ մահվան պատճառ…
Առաջին ատյանի դատարանը Հրանտ Ջ.-ին մեղավոր ճանաչեց 100 հոդվածով ու դատապարտեց 10 տարի ազատազրկման:
Հրանտ Ջ.-ն դատավճիռը բողոքարկեց, պնդեց, թե պաշտպանել է իր անձը, սակայն վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները նրա բողոքները համարեցին անհիմն և դատավճիռը թողեցին անփոփոխ:






































