«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
– Դեսպան Սվիտալսկու հայտարարություններից հետո շատ է քննարկվում հարցը՝ արդյո՞ք Հայաստանն առհասարակ կստորագրի Հայաստան-ԵՄ փաստաթուղթը։ Կարծես՝ հարցը թողնված է իշխանությունների բարի կամքին՝ կուզեն կստորագրեն, եթե ոչ՝ մի պատճառ կգտնեն, իսկ արդյո՞ք Հայաստանում կա ձևավորված այնպիսի ընդդիմություն կամ քաղհասարակություն, որն այս հարցում պահանջատեր կլինի։
– Ամոթով պետք է խոստովանենք, որ ոչ՝ նման ուժ չկա։ Միակ քաղաքական կազմակերպությունը՝ «Ազատ դեմոկրատները», որն ընտրական ծրագրում ուղիղ նշել էր եվրոպամետությունը, ԵՄ-ին անդամակցությունը, հավաքել է մեկ տոկոս ձայն։ Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի հասարակության մեկ տոկոսն է ցանկանում դուրս պրծնել ռուսական ծուղակից՝ կարծում եմ՝ ոչ։
Հանրության մեջ, ընդդիմադիր դաշտում չգտնվեց մի ուժ, որ հստակ կձևավորի պահանջ և կկանգնի պարոն Սվիտալսկու ձևավորած խնդրի օգտին։ Ուրիշ բան է, որ Հայաստանի իշխանությունն առանց պարոն Սվիտալսկու և մեր մեկնաբանությունների շատ լավ գիտակցում է, որ տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական առումով Հայաստանը չունի ԵՄ-ին այլընտրանք։ Այն հանգամանքը, որ մեզ մոտ այդպիսի տհաճ իրավիճակ է, որ իշխանությունները, չգիտեմ, որքանով անկեղծ հակադարձոււմ են Սվիտալսկուն ու ԵՄ-ին, նշանակում է, որ կա ուժ, որից իշխանությունը վախենում է։ Ցավոք սրտի, այդ ուժը Հայաստանի հասարակությունը չէ, դա Մոսկվան է, պուտինյան վարչախումբը և տվյալ դեպքում Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է շատ պարզ երկընտրանքով՝ նրանց ակհայտորեն սպառնում են պատերազմով, հեղաշրջմամբ ու քաոսով։ Դա արդեն ապացույցի կարիք էլ չի զգում, որովհետև նույն ձևով Ռուսաստանը այլ երկրներում է վարվել՝ փորձելով խռովություններ բարձրացնել ամբողջ Եվրոպայում՝ միջամտելով ընտրություններին ու ներքին կյանքին։ Հայաստանի պես փոքր երկիրը տնտեսապես ու քաղաքականապես կախված է Ռուսաստանից՝ նման ճնշում Պուտինի համար իրականացնել շատ ավելի հեշտ է։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ամբողջ աճպարարությամբ հանդերձ փորձում է խուսանավել այդ երկու բևեռների արանքում՝ սպասելով իրավիճակի պարզեցմանը։Մենք բոլորս հույս ունենք, որ ռուսական կայսրությունը փլուզվելու է դրսի և ներսի մարտահրավերների ճնշման տակ։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկու անգամ անկախացել է հենց այդ պատճառով։
– Եվրամիությունը, չնայած իշխանությունների այսօրինակ պահվածքին, շարունակում է աշխատել իշխանությունների հետ։ Ինչո՞ւ, որովհետև լավ կամ վատ իշխանությո՞ւնն է մնում այդ հարաբերությունների ջատագովը, որովհետև չկա՞ այլընտրանք։
– Միանշանակ։ Քաղաքական դաշտը «մաքրված» է, քաղաքացիական հասարակությունը փոշիացված է։ Ես ինքս չլինելով քաղաքական գործիչ, փորձում եմ համախմբել իմ համախոհներին «Եվրոպական ընտրություն» գաղափարի շուրջ և շփվում եմ այս առումով տասնյակ հազարավոր մարդկանց հետ՝ շատ լավ հասկանալով և տեսնելով՝ ինչ արագ է շրջվում ավանդական ռուսամետությունը։ Ինչպես ասում են՝ սիրուց ատելություն մեկ քայլ է, բայց այդ մեկ քայլը շատ արագ է կատարվում և դրա նախաձեռնողը հենց Ռուսաստանն է։ Հենց Ռուսաստանի գործողությունները, նախ և առաջ, Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ ջախջախում են հայերի մի ստվար զանգվածի վերջին պատրանքները։ Սակայն դա դեռևս չի գտնում քաղաքացիական ձևակերպում և մենք դեռևս ուշանում ենք Եվրոպայի առաջարկն ընդունելուց՝ հասարակական մակարդակի վրա։ Իսկ քաղաքական դաշտում Եվրոպան դեռևս չի տեսնում որևէ քաղաքական ուժ և շարունակում է աշխատել իշխանության հետ, որը մեկը մյուսի հետևից ջախջախում է ընդդիմադիր փորձերը, որովհետև դրանք ավելի ռուսամետ են, քան նույն վաչախումբը։
– Արևմտյան բևեռի տապալումն հատկապես ընտրություններից հետո ինչո՞վ է պայմանավորված։
– Ես կարծում եմ՝ պետք է ազնիվ լինենք ու խոստովանենք, որ այդ բևեռը չի ձևավորվում ներսից։ Եթե մենք հասկանանք, որ մենք չենք կարողանում լայն զանգվածներին հասանելի ձևով բացատրել այլընտրանքի բացակայությունը, այսինքն՝ Ռուսաստանից օր առաջ պոկվելու խիստ անհրաժեշտությունը՝ դա մեր մեղքն է։ Մենք իհրակե կարող ենք ասել, որ համացանցից զատ մենք քիչ լծակներ ունենք, մենք զրկված ենք իրական ԶԼՄ-ներից, բայց դա միայն արդարացում է։ Մեր մեջ չի առաջացել այն մասշտաբի քաղաքական գործիչ, որը կարողանար բևեռացնել այդ տատանումներն ու հասարակությանը տանել իր հետևից։ Մենք հույսը դնում ենք մեկի վրա, հետո տեսնում, թե ինչպես են տապալում այդ առաքելությունը։ Չենք կարողանում անել այն, ինչ արել էր Լեհաստանում՝ Վալենսան, Չեխիայում՝ Հավելը, Վրաստանում՝ Սաակաշվիլին։ Ըստ երևույթին մեր ճանապարհն այլ է և մենք պետք է դիմանանք այդ վերջին կամ նախավերջին մարտահրավերին, որպեսզի ռուսական կայսրության հիմնական սպառնալիքը տապալվի ճնշումների տակ, որոնք ձևավորվում են Արևմուտքում։ Իսկ Արևմուտքը չի կարող տալ այն երաշխիքները, որ մենք սպասում ենք, ճանապարհի կեսը ինքնուրույն պետք է անցնենք։ Բայց մեծամասնության մոտ Արցախը կորցնելու, պատերազմում պարտվելու վախը չեզոքացնում է ազատատենչության նկրտումները, և ռուսները դրանից հմտորեն օգտվում են։







































