Չլիներ սեպտեմբերի 3-ը, լիներ նոյեմբերը` Վիլնյուսում, Հայաստանի համար միևնույն խնդիրներն էին առաջանալու: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանը հնարավոր անդամակցությանը:
«Սեպտեմբերի երեքին մենք կանգնած էինք «կամ, կամ»-ի առաջ: Մի կողմից Ռուսաստանն էր` մեր ազգային անվտանգության հարցապնդմամբ, մյուս կողմից` ԵՄ-ն: Ինչո՞ւ հանգեցինք այս վիճակին: Որովհետև մեր քաղաքական վերնախավն իր առջև չդրեց այլ խնդիր, քան վերարտադրվելու խնդիրն է: Մարտին, երբ իշխանությունները հայտարարեցին Ասոցացման համաձայնագրին միանալու անխուսափելիության մասին, սեպտեմբերին բարձրաձայնեցին ՄՄ-ին անդամակցելու հնարավորության մասին: Այժմ հետին թվով մեղադրանքներ ներկայացնելը ճիշտ չէ»,- ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո Հյաաստանում ոչ միայն սրվեցին հակառուսական տրամադրությունները, այլև առաջացավ հասարակության երկփեղկվածություն: «Քաղաքական կոալիցիան անընդունակ է որևէ հարց դնել քննարկման և այդ հարցի լուծում առաջարկել: Իշխանություններում այսպես է. վերևից ասվեց մի միտք, այն կրկնվում է, ասվեց մեկ այլ միտք՝ կկրկնվի այդ ասվածը: Իշխանության մեջ չկա մի անձ, որը կասի, որ համաձայն չէ վերևներից ասվածի հետ: Պատիվ եմ ունեցել սեղան նստել ՀՀ բոլոր երեք նախագահների հետ, ուր միևնույն թամադան Հայաստանի միևնույն առաջխաղացումը վերագրել է մեկ՝ առաջին, մեկ՝ երկրորդ, մեկ՝ երրորդ նախագահին»,- ասաց նա` հավելելով, որ անձնապես նեղացած է երեք նախագաներից էլ` Լևոն Տեր-Պետրոսյանից` իր հանդեպ ընդհատակում եղած տարիներին եղած վերաբերմունքի պատճառով, Սերժ Սարգսյանից` այն բանի համար, որ նրա հրահանգով տարիներ առաջ շղթայել են իր ուսթունամյա մորը, ով ի դեպ, Իսագուլյանի խոսքով, «այս երկրի համար տասներեք երեխա է ծնել»:
ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչը հայտարարեց, որ հանդիպում է հայցելու գործող և նախկին երկու նախագահներից` նրանցից յուրաքանչյուրից խնդրելով կազմակերպել իրենց` երեքի հանդիպում` քննարկելու Հայաստանի ներկայիս վիճակը:
«Հանդիպումներ հայցելու եմ նաև ԼՂՀ գործող և նախկին նախագահներից: Նվազագույնը պետք է լինի երկու նմանօրինակ հանդիպում` տարբեր ձևաչափերով: Առնվազն երեք տարի Հայաստանի երեք նախագահները ոչ մի ձևաչափով չեն հանդիպել: Իսկ նմանօրինակ հանդիպումը կլիցքաթափի քաղաքական լարվածությունը: Ամեն բան գիտի միայն մեկ անձ, և միայն այդ մեկը կարող է որոշումներ կայացնել: Մինչդեռ երկրի համար կարևորագույն խնդիրները պետք է քննարկումների փուլ անցնեն»:







































