Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ, ինչպես հայտնի է, դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները, մարտ ամսից սկսած, լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Բարձր դատարանում վիճարկում են նաև այդ նիստերի ընթացքում կայացրած որոշումների օրինականությունը։
Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ Ազգային ժողովում ներկայացված չլինելու պատճառով դիմումին չի միացել, թեպետ հարցի շուրջ նաև կուսակցության ներկայացուցիչներն առարկություն չեն հայտնել։ Վերջերս ՀՎԿ-ի Գյումրու տեղական կառույցը որոշում է կայացրել դադարեցնել բոյկոտը Գյումրիում, և ՀՎԿ-ի ավագանիները, այդ օրերից սկսած, պարտաճանաչ, մամուլի հրապարակումների համաձայն՝ Սամվել Բալասանյանի որդու խոստացած ամսական հոնորարի դիմաց, մասնակցում են նիստերի։ ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը հայտարարել է, որ Վանաձորի մասով բոյկոտը դադարեցնելու որոշում չկա, չէր բացառել սակայն, որ Վանաձորի տեղական կառույցը կարող է Վանաձորի մասով ևս նման որոշում կայացնել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի խմբակցությունների դիմումը վարույթ է ընդունել, նիստի օրը, սակայն, դեռ հայտնի չէ։ Մարուքյանը փոխանցեց նաև, որ ՀՎԿ-ի հետ ավագանու նիստերի բոյկոտը դադարեցնելու հարց չի քննարկվել. «Ամեն դեպում որևէ հայտարարություն էլ իրենց կողմից չենք տեսել»։ «Մենք կսպասենք՝ տեսնենք, թե ինչ զարգացում է ստանում Սահմանադրական դատարանում դիմումի քննարկման հարցը, և դրանից ելնելով էլ մեր քայլերը կհստակեցնենք և այդ մասին կհայտարարենք»,- փոխանցեց Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վանաձորում անցկացվող ավագանու նիստերն ապօրինի են, քանի որ նիստերին չի մասնակցում բավարար թվով ավագանու անդամ և քվորում չի ապահովվում. «Հանրապետական կուսակցությունը պարզապես զոռբայությամբ Մամիկոն Ասլանյանին դարձրեց քաղաքապետ, բայց հիմա ՍԴ-ն որևէ հիմք չունի ներկայացված դիմումը մերժելու համար և մեծ է հավանականությունը, որ Վանաձորում կանցկացվեն նոր ընտրություններ»։
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ անկախ Սահմանադրական դատարանի որոշումից՝ Գյումրու օրինակով, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարող է դադարեցնել բոյկոտը և «միամիտ» հայտնվել նիստերի դահլիճում ու այդպիսով քվորում ապահովել։ «Ճիշտ է, Գյումրու օրինակը մի փոքր այլ է, Բալասանյանը «բոնուսով» քաղաքապետ դարձավ, բայց քանի որ ՀՎԿ-ն դուրս է մնացել խորհրդարանից և ըստ էության նաև քաղաքական թատերաբեմից՝ չի բացառվում, որ նիստերին մասնակցելու որոշում կայացնեն ու այդպիսով հիշեցնեն իրենց գոյության մասին»,- եզրափակեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Ամենայն հավանականությամբ, վանաձորյան թնջուկը կհանգուցալուծվի աշնանը՝ առաջիկայում Սահմանդրական դատարանում դիմումի քննության ընթացքից և դատարանի կայացրած որոշումից պարզ կդառնա, թե ինչ քայլերի կդիմեն ընդդիմադիր կուսակցությունները։ Չի բացառվում նաև, որ համատեղ որոշում կայացվի նիստերին մասնակցելու և ներսից իրավիճակ փոխելու։
Լուսանկարը՝ Photolure-ի







































