Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին լիազորել է երկրի կառավարությանը՝ նախագահ Հասան Ռուհանիի գլխավորությամբ, սեփական հայեցողությամբ բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ռուհանին CNN-ին տված հարցազրույցում:
«Իրանի գերագույն առաջնորդն ասել է՝ եթե բանակցություններն անհրաժեշտ կլինեն ազգային շահերի համար, նա դեմ չի լինի դրանց»,- ասել է նախագահը:
Ռուհանին հավելել է, որ իրանցի ժողովրդի կողմից խաղաղություն ու բարեկամություն է բերել ամերիկացիներին:
Ռուհանին նշել է, որ կատարվել է որոշակի նախապատրաստություն Օբամայի հետ հանդիպման համար, սակայն ժամանակի սղության պատճառով իրենք չեն կարող համակարգել հանդիպումն այն մասշտաբով, որն անհրաժեշտ է:
«Եթե այսօր ստեղծվեր նման հնարավորություն և անցկացվեր պատշաճ նախապատրաստություն, ըստ ամենայնի բանակցությունները կկայանային և առաջին հերթին՝ միջուկային խնդրի և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ: Եվ գերագույն առաջնորդը, ես Ձեզ վստահեցնում եմ, տվել է իմ կառավարությանն այդ թեմաներով ազատ բանակցելու թույլտվություն»,- ասել է նա: