Քուվեյթցի հայտնի քարոզիչ Մուբարաք Ալ-Բաթխալին ֆետվ է հրատարակել, համաձայն որի՝ սերիալների կամ ֆիլմերի սցենարով դերասանների խաղացած հարսանիքները պետք է իրական համարվեն: Այս մասին, հղում կատարելով իտալական dnkronos.com ինտերնետ-հրատարակչությանը, նախօրեին տեղեկացրել է NEWSru Israel պորտալը:
Մուբարաք Ալ-Բաթխալին հայտարարել է, որ ամուսնացած դերասանուհիները, ովքեր հարսնացուի դեր են կատարում, մեծ մեղք են գործում: Ընդ որում՝ նրանց ամուսիններն այդ դերերին պետք է որպես իսկական դավաճանությունների վերաբերվեն:
Մինչդեռ արաբական ԶԼՄ-ները նշում են, որ ֆետվը Քուվեյթի շոու-բիզնեսի ներկայացուցիչների մոտ բողոք է առաջացրել: Դերասաններն ու սցենարիստները միաձայն հայտարարում են, որ եթե նկարահանման հրապարակում խաղացած հարսանիքներն իրական են, ապա սրով իր թշնամուն սպանած դերասանը պետք է կանգնի իրական դատարանի առջև:











































